Գիտնականներն Անտարկտիդայում պատահաբար նոր կղզի են հայտնաբերել – armeniatoday.am

Ալֆրեդ Վեգեների անվան բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտի (AWI) Polarstern գիտահետազոտական սառցահատի անձնակազմը Անտարկտիդայի ափերի մոտ պատահաբար հայտնաբերել է նախկինում անհայտ և քարտեզների վրա չնշված կղզի, հայտնում է Phys.org պորտալը։

Հայտնագործությունը կատարվել է Վեդելյան ծովում օվկիանոսային հոսանքների և սառույցների հալոցքի ազդեցությանն ուղղված հետազոտությունների ժամանակ, երբ նավը մուտք է գործել նավագնացության քարտեզների վրա որպես «վտանգավոր գոտի» նշված տարածք։

Ինչպես պարզաբանել է ինստիտուտի բաթիմետրիկ բաժնի մասնագետ Սայմոն Դրոյտերը, անձնակազմը սկզբում նկատել է մի օբյեկտ, որը հեռվից նման է եղել «կեղտոտ սառցաբեկորի», սակայն ավելի մոտիկից զննելուց հետո պարզվել է, որ դա իրականում ժայռ է։ Գիտնականի խոսքով՝ նավը փոխել է ընթացքը դեպի հայտնաբերված ցամաքը, ինչից հետո վերջնականապես հաստատվել է, որ դա 130 մետր երկարություն, 50 մետր լայնություն և ծովի մակարդակից 16 մետր բարձրություն ունեցող կղզի է։ Մասնագետները նշում են, որ տվյալ տարածքը նախկինում համարվում էր նավագնացության համար չուսումնասիրված վտանգներով լի գոտի, և այժմ հետազոտական խումբը պատրաստվում է պաշտոնապես անվանակոչել կղզին՝ որպես դրա առաջին փաստագրված հայտնաբերողներ։ Polarstern-ը համարվում է աշխարհի առաջատար գիտական սառցահատներից մեկը, որը կանոնավոր կերպով հետազոտություններ է իրականացնում բևեռային ամենադժվարամատչելի շրջաններում։

Leave a Comment