Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Չինաստանի գլխավոր դատախազին


Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին:


 


Հանդիպմանը մասնակցել է նաև Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը:


 


 Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել երկու երկրների գլխավոր դատախազների միջև ուղիղ երկխոսության կարևորությունը՝ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության խորացման և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։


 


«Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է՝ կոչված դյուրինացնելու տարբեր երկրների, այդ թվում՝ մեր երկրների դատախազությունների համագործակցությունը»,- նշել է Աննա Վարդապետյանը և անդրադարձել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև գործող միջազգային և երկկողմ իրավական փաստաթղթերին, որոնք կարգավորում են քրեական գործերով համագործակցությունը, այդ թվում՝ իրավական օգնության և հանձնման գործընթացները։


 


ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև համագործակցության վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն՝ 2018-2025 թվականներին ՀՀ դատախազությունը Չինաստան է ուղարկել 37 իրավական օգնության հարցում՝ տարբեր, այդ թվում՝ կիբեռհանցագործությունների, հարկերից խուսափելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն գործերի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում Չինաստանի կողմից ստացված հարցումներից բավարարվել է երկուսը:


 


Կողմերը շեշտել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2025 թվականին հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակում իրավապահ ոլորտում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։


 


Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը և, ի թիվս այլնի, քննարկել գործնական խնդիրներ, որոնք վերաբերել են իրավական օգնության հարցումներին։


 


Աննա Վարդապետյանը և Յինգ Յոնգը կարևորել են Դատախազությունների իրավասու ստորաբաժանումների միջև անմիջական կապերի ակտիվացումը՝ աշխատանքային հարցերն առավել օպերատիվ լուծելու նպատակով։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության նոր ծրագրի մշակման և փաստաթղթավորման անհրաժեշտությանը։


 


Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը՝ հատկապես անդրազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:


 


Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ նման շփումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության արդյունավետության բարձրացմանը։


 


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:


 


 


 ՀՀ գլխավոր դատախազություն


 


 


Leave a Comment