Ձախողված բանակցություններ, կոշտ կարմիր գծեր և պահպանվող լարվածություն Հորմուզի նեղուցի շուրջ․ ԱՄՆ-Իրան դիմակայունության նոր փուլը

ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո լարվածությունն Արևմտյան Ասիայում հասել է նոր մակարդակի։ Բանակցող կողմերը չեն կարողացել համաձայնության հանգել առանցքային հարցերի շուրջ, իսկ փոխադարձ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հակամարտությունը կարող է էլ ավելի սրվել։ Վաշինգտոնը քննարկում է թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ճնշման տարբերակներ, մինչդեռ Թեհրանը հայտարարում է իր կարմիր գծերի անխախտելիության մասին։ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը և Իրանի միջուկային ծրագիրը շարունակում են մնալ հիմնական հակասությունների կենտրոնում։

Իսլամաբադում բանակցությունների տապալումից հետո Վաշինգտոնը հայտնվել է, այսպես ասած, անհրապույր տարբերակների ընտրության առջև՝ գրում է CNN-ը՝ նկատելով, որ Թրամփի այն թեզը, թե ԱՄՆ ռազմական հզորությունը հակառակորդներին կստիպի ենթարկվելու  իր կամքին, չհաջողվեց։ Տապալված բանակցություններից հետո Սպիտակ տնից հնչած հայտարարություններն ամփոփելով՝ պարբերականը գրում է.

«Իրանը համաձայնություն չի տվել Միացյալ Նահանգների մի շարք պահանջների կատարմանը՝ ուրանի հարստացման ամբողջական դադարեցմանը, հարստացման բոլոր օբյեկտների ապամոնտաժմանը, տարածաշրջանում գործող խմբավորումների աջակցության դադարեցմանը, ինչպես նաև Հորմուզի նեղուցը առանց տարանցիկ վերահսկողության լիովին բացելուն»։

Ըստ միջազգային վերլուծաբանների՝ կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են փոխզիջումից։ Իրանն ամբողջությամբ վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ վստահեցրել է ԻՀՊԿ-ն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կշրջափակի Հորմուզի նեղուցը և իրանական նավահանգիստները։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը չի բավարարվի մասնակի արդյունքներով։ ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև.

«Ոչ մեկը, որ անօրինական մաքսատուրքեր է վճարում, անվտանգ անցում չի ունենա  բաց ծովում։ Մենք նաև կսկսենք ոչնչացնել նեղուցներում իրանցիների տեղադրած ականները»։

Հորմուզի նեղուցի շրջափակմանը զուգահեռ՝ Թրամփը դիտարկում է նաև Իրանին սահմանափակ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։ Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ սա այն սցենարներից մեկն է, որը քննարկվում է Սպիտակ տանը ապրիլի 11-ի բանակցությունների ձախողումից հետո։ 

Իրանական կողմը, իր հերթին, մեղադրում է ԱՄՆ-ին բանակցային գործընթացը խափանելու և ճնշման քաղաքականություն վարելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ բանակցությունների ձախողման պատասխանատուն Վաշինգտոնն է։

«47 տարվա ինտենսիվ բանակցություններում Իրանը բարեխղճորեն ներգրավվել է՝ վերջ դնելու ԱՄՆ-ի հետ պատերազմին։ Սակայն մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման։ Բարի կամքը ծնում է բարի կամք, թշնամանքը՝ թշնամանք»։

Միաժամանակ այս կտրուկ հայտարարությունը փոքր-ինչ մեղմել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակելու բանակցությունները, սակայն միայն հավասար և փոխադարձ հարգանքի հիմքով։

«Իրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և արդար համաձայնագրի հասնելուն, ինչը կապահովի երկարատև խաղաղություն և անվտանգություն։ Սակայն մեր ազգային շահերն ու իրավունքները կարմիր գիծ են»։

Վերլուծաբանները նկատում են, որ ԱՄՆ-Իրան հակասությունները մտնում են նոր՝ ավելի լարված փուլ, որտեղ բանակցային գործընթացը փաստացիորեն փոխարինվում է ճնշման քաղաքականությամբ։ Մի կողմից՝ Վաշինգտոնը փորձում է հասնել առավելագույն զիջումների, մյուս կողմից՝ Թեհրանը պահպանում է իր ռազմավարական դիրքերը՝ վերահսկելով կարևոր էներգետիկ ուղիները և չհրաժարվելով իր միջուկային ծրագրից։

CNN-ի տնտեսական վերլուծաբաններն ընդգծում են, որ ռազմական գործողությունների հետագա ծավալումը հղի է համաշխարհային տնտեսությանը ծանր հարվածով. նավթի գինն արդեն աճելով է 8 %-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով104 դոլարի: Միևնույն ժամանակ միջազգային արձագանքները ցույց են տալիս, որ Վաշինգտոնի մոտեցումը միանշանակ չի ընդունվում։ Մի շարք երկրներ զսպվածության և դիվանագիտական լուծումների կոչ են անում։

Leave a Comment