Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով երկրում ընդունել խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն, ասվում է հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Օ’Ֆլահերթին նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայումս մշակում է նոր օրենքի նախագիծ, և կոչ է արել օգտվել այդ հնարավորությունից՝ ստեղծելու խտրականության դեմ պայքարի այնպիսի ամուր համակարգ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։
Նամակում օրենքը եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանեցնելու համար առաջարկվել է ՄԻՊ-ին օժտել լիազորություններով և անհրաժեշտ միջոցներով՝ խտրականության դեմ արդյունավետ պայքարելու և հավասարությունն ապահովելու համար։
Բացի այդ, Օ’Ֆլահերթին կարևորել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր, ինտերսեքս) անձանց իրավունքների պաշտպանության ապահովումը, հասարակական կազմակերպություններին դատական գործընթացներին մասնակցելու հնարավորության տրամադրումը և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված քայլերը։
Հայաստանում դեռևս չկա խտրականության բոլոր ձևերն ընդգրկող մեկ համապարփակ օրենք: Այս պահին գործում են առանձին ոլորտային օրենքներ, որոնք արգելում են խտրականությունը որոշակի ոլորտներում։
