11 ապրիլի 2026 – 14:32 AMT
PanARMENIAN.Net – Առավոտյան 7:50 Ապարանում վթարված ավտոբուսը չէր կարող ուղեկցել ժամը 8:00-ին Երևանից շարժված վարչապետին, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերքելով այն պնդումները, թե վթարված ոստիկանության ավբտոբուսն ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել ժամը 8:00-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցից շարժվող վարչապետին կամ նրա ավտոբուսին։
Կամ վթարի նկարը տեսնողը ի՞նչ աստիճանի հոգին սատանային պիտի ծախած լինի, որ պնդի, թե ավտոբուսն է հանդիպակաց դուրս եկել, երբ նկարում Նիսանը հանդիպակացում է, ավտոբուսը՝ իր գծով ճամփեզրին։
Լավ դուք մարդկանց կյանքն ու մահը մանրադրամ սարքելուց բացի ուրիշ բանի ունակ չե՞ք։ Տեղի ունեցածը ողբերգություն է ու ես ցավակցում եմ մահացածի հարազատներին»,-գրել է նա:
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «նման ողբերգական պատահարից հետո առնվազն պետք է դադարեցվի քարոզարշավը»:
«Մինչդեռ, վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել։ Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին։ Սրանք նույն այն մարդիկ են, որոնք կարող են վրաերթի ենթարկել հղի կնոջը՝ առանց կանգ առնելու և օգնություն ցուցաբերելու։
Փաշինյանի համար անգամ արժեք չունի իր ավտանգությունն ապահովող ոստիկանների կյանքն ու առողջությունը։
Թվում է, թե դժբախտությունների այս շղթան սրանց օրոք անվերջ է։ Արցախի հայաթափմանը նպաստած, հազարավոր հայորդիների կյանքեր կործանածների այս էջը վերջնակապես պետք է փակենք հունիսի 7-ին։ Ցավակցություններս զոհվածի հարազատներին, շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,-գրել էր նա
Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը՝ մեկ մարդ մահացել է, 12-ը՝ տուժել, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» մակնիշի ավտոբուսը և «Նիսսան» մակնիշի մեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ»,– ասված է հաղորդագրությունում։
