ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում կատարած հերթական գրառման մեջ հայտարարել է, որ Իրանը չի կատարել Հորմուզի նեղուցը վերաբացելու իր խոստումը։
«Իրանը խոստացել էր բացել Հորմուզի նեղուցը, և նրանք գիտակցաբար չեն արել դա։ Սա անհանգստություն, շեղում և ցավ է պատճառել աշխարհի բազմաթիվ մարդկանց և երկրների»,- գրել է նա՝ կոչ անելով արագ վերականգնել միջազգային ջրային այս ճանապարհի գործունեությունը։
Թրամփը նաև անդրադարձել է Իսլամաբադում կայացած բանակցություններին՝ նշելով, որ լիարժեք տեղեկացված է գործընթացից։
Նրա խոսքով՝ իրեն զեկուցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և բանակցող Ջարեդ Քուշները։
Նա նաև բարձր է գնահատել Շեհբազ Շարիֆի և նրա թիմի ջանքերը՝ ընդգծելով, որ շուրջ 20 ժամ տևած բանակցություններից հետո գլխավոր հարցը մնում է անփոփոխ։
«Միայն մեկ բան է կարևոր՝ ԻՐԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՊԱՍՏԱԿՆԵՐԻՑ»,- նշել է նա։
Թրամփի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ կարող են ավելի նախընտրելի լինել, քան ռազմական գործողությունների շարունակումը, սակայն դրանք չեն կարող փոխարինել միջուկային ծրագրի շուրջ հիմնական մտահոգություններին։