Թեհրանն ի սկզբանե չէր ակնկալում գործարքի հասնել «մեկ հանդիպման ընթացքում», հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Իրանը և ԱՄՆ-ն «մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել», սակայն «երկու-երեք կարևոր հարցերի շուրջ կան տարաձայնություններ»։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, գրում է РБК-ն՝ հղում անելով Al Jazeera-ին:
«Այս բանակցությունները տեղի են ունեցել 40-օրյա պարտադրված պատերազմից հետո և ընթացել են անվստահության ու կասկածամտության մթնոլորտում։ Լիովին բնական է, որ մենք ի սկզբանե չէինք ակնկալում համաձայնության հասնել մեկ հանդիպման ընթացքում»,- պարզաբանել է նա։
«Դա ոչ ոք չէր էլ սպասում»,- նշել է Բաղային։
Ավելի վաղ Թեհրանը բանակցային գործընթացի հաջողությունը կապել էր Վաշինգտոնի մտադրությունների լրջության, չափազանցված պահանջներից հրաժարվելու և հանրապետության շահերի ճանաչման հետ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բանակցություններում չի հաջողվել համաձայնության հասնել։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը «շատ հստակ մատնանշել է» իր «կարմիր գծերը»՝ ինչ հարցերում է պատրաստ ընդառաջ գնալ, և ինչում՝ ոչ, սակայն իրանական կողմը չի ընդունել այդ պայմանները։
Վենսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Իրանին ներկայացրել է «վերջնական և լավագույն առաջարկը»։ «Տեսնենք՝ կընդունեն այն իրանցիները, թե ոչ»,- հավելել է նա։
Fars-ի տվյալներով՝ Իրանը չի համաձայնել Հորմուզի նեղուցի և միջուկային էներգետիկայի վերաբերյալ ԱՄՆ պայմաններին։ Axios-ը գրում է, որ մի շարք տարաձայնություններ պայմանավորված են նրանով, որ Թեհրանը պնդում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը և չի ցանկանում հրաժարվել հարստացված ուրանի իր պաշարներից։
Նշենք, որ սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։
Նշենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին պայմանավորվել են երկշաբաթյա զինադադար կնքել։
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կայացել են ապրիլի 10-ին՝ Իսլամաբադում։