
«Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին», – ժամը 13:30-ի սահմաններում Ֆեյսբուքում գրել է 18-ամյա պատանու փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
«Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը», – պնդում է փաստաբանը:
Կալանավորված Դավիթը մեղադրվում է խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության, գրավով ազատ արձակված երկվորյակ եղբայրը՝ օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով:
Փաստաբանը երկու օր առաջ հրապարակել է բժշկական հետազոտությունների արդյունքը՝ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայր ընկած Դավիթ Մինասյանն ուղեցի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի:
Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ երկու շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա պատանուն ազատ արձակել կալանքից: