Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Ապրիլի 9-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացությունը․ Մանուկ Ռազմիկի Վարդանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա ՀՀ նախագահի 1999 թվականի հուլիսի 3-ի թիվ ՆՀ-329 հրամանագրով, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը և այդպիսով հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատոկազմի ղեկավարի՝ 2003 թվականի հունիսի 4-ի N 45-Ա հրամանի համաձայն կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի 1- ին կարգի մասնագետ, պաշտոնատար անձ Լիանա Գրիշայի Քոչարյանի հետ, գալով նախնական համաձայնության, խմբի կազմում, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:
Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի՝ «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասիսին» թիվ 616 որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն:

Մեղադրական հոդվածները

Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։

Հոդված 308 մաս 2՝ Պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ տրանսպորտային, հաղորդակցության կամ կապի միջոց, այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը՝ զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արարք կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վրա հարձակմամբ կամ միջուկային կամ ռադիոակտիվ նյութի կամ իոնացնող ճառագայթման այլ աղբյուրի կամ զանգվածային ոչնչացման զենքի, թունավոր, քիմիական կամ կենսաբանական նյութի օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված  441 մաս 2 կետ 4՝ Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

Հոդված 441 մաս 2 կետ 5՝  անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Կիրառված խափանման միջոցը և գործի հետագա կարգավիճակը

Մանուկ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը։ Գործը մակագրված է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։ Վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում դեռևս ընդունված չէ։

Leave a Comment