UFC-ի նախագահ Դանա Ուայթն այլևս չի կարող ձևացնել, թե չի նկատում Արման Ծառուկյանի օրեցօր աճող ճանաչելիությունն ու վարկանիշի կտրուկ աճը։ Ուայթի խոսքերով՝ օկտագոնից դուրս դրսևորած ակտիվության շնորհիվ հայ մարտիկին հաջողվել է երկրպագուների հսկայական բանակ ձևավորել։
«Ինձ դուր է գալիս այն, ինչ անում է Արմանը. նա պահպանում է ակտիվությունը և մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Դե, Նինա Դրամայի հետ տեսանյութերն էլ նպաստում են դրան։ Գիտեք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում. ամեն շաբաթ ինչ-որ բան է փոխվում, և սկսում ես դիտարկել, թե մինչև տարեվերջ մենամարտերի ինչ տարբերակներ կան։ Կտեսնենք, թե ինչ կստացվի Արմանի պարագայում։ Գլխավորն այն է, որ նա իրեն մոլագարի պես չպահի մրցաշարերին ներկա գտնվելիս։
Հիմա Արմանն ինձ դուր է գալիս։ Մի գիշեր Լաս Վեգասում մեքենա էի վարում, մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկը սկսեց գոռալ ինձ վրա։ Իջեցրի ապակին, նայեմ՝ կողքս «Ռոլս-Ռոյս» է, և մեջը, գրողը տանի, Արմանն է։ Նա շատ հետաքրքիր տղա է»,- Adin Ross-ին տված հարցազրույցում անկեղծացել է աշխարհի առաջատար MMA լիգայի ղեկավարը։
Արման Ծառուկյանը մրցակցային հարթակ կվերադառնա ապրիլի 18-ին՝ Ֆիլադելֆիայում կայանալիք «RAF 8» ըմբշամարտի մրցաշարում, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափի ամերիկացի վետերան Յուրայա Ֆեյբերի հետ։ Իսկ հունիսի 14-ին Արմանը կլինի Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեյջիի միջև թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտի պահեստային մարտիկը։