ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 11-ին․ Պակիստանի վարչապետ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն ապրիլի 11-ին Իսլամաբադում։ 

«Երկու երկրների ղեկավարությունը վաղը ներկա կլինի Իսլամաբադում, և Պակիստանի իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը՝ բանակցությունների հաջողությունն ապահովելու համար», — ազգին ուղղված իր ուղերձում ասել է Շարիֆը։

ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որի կազմում են նաև նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Սպասվում է, որ Իրանի պատվիրակությունը կգլխավորեն խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Քննարկվելու է Իրանի ներկայացրած 10-կետանոց ծրագիրը, որը ներառում է պատժամիջոցների վերացման, տարածաշրջանից ԱՄՆ զորքերի դուրսբերման և Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը։

Իսլամաբադում հայտարարվել է երկօրյա ոչ աշխատանքային օր (ապրիլի 10 և 11), քաղաքը գտնվում է անվտանգային խիստ հսկողության տակ։

Leave a Comment