Պետությանը պատճառված միլիոնների վնաս, կեղծ փաստաթղթեր և արդեն հարուցված քրեական հետապնդումներ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող նոր աղմկահարույց բացահայտումների մասին է տեղեկացրել քննչական կոմիտեի։ Ըստ այդմ՝ 2015-ին հայտարարված բիտումի խոշոր գնումը տարիներ անց վերածվել է քրեական վարույթի։ Հիմնադրամին առնչվող քրեական վարույթների շարքում առանձնանում է նաև հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի գործը, որի շրջանակում նրան մեղադրանքներ էին առաջադրվել հափշտակության և լիազորությունների չարաշահման համար։ Իսկ, առհասարակ, շինարարական խնդիրները նորովի են սկսել քննարկվել կառավարությունում և Երևանի քաղաքապետարանում՝ ասֆալտապատման որակի վերջին խնդիրների ֆոնին։
14 հազար տոննա բիտումի գնման գործընթացում ներկայացված կեղծ փաստաթղթերի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 171,5 միլիոն դրամի վնաս։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2015-ի ապրիլին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած մրցույթում հաղթած ընկերությունը 2016-ի օգոստոս-նոյեմբերին հիմնադրամին է ներկայացրել կեղծ հաշիվ-ապրանքագրեր։ Նախնական գնահատումներով՝ հենց այդ փաստաթղթերի հիման վրա էլ պետությանը հասցվել է բազմամիլիոնանոց վնաս։ Մեջբերում․
«Դատախազը 2026 թվականի ապրիլի 7-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 3 անձի նկատմամբ։ Մեկի մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու, մյուսի մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը կազմակերպելու և երրորդի մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու մասով: Քրեական վարույթի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը»։
Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող միակ աղմկահարույց գործը չէ։ Դեռ 2021-ին հարուցված քրեական գործով հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել հափշտակության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Վարդանյանը կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել և ստորագրել էր Արցախի դպրոցներին գույք մատակարարելու շուրջ 300 միլիոն դրամի կեղծ պայմանագրեր, սակայն նշված գումարը հափշտակվել էր, իսկ դպրոցներին նախատեսված գույքը փաստացի չէր հասել։
Մեղադրանքի մյուս դրվագով՝ 2014-ին Վարդանյանը բանկերից մեկի հետ վարկային քարտի պայմանագիր է կնքել՝ գրավադրելով հիմնադրամի հաշվին գտնվող 28 միլիոն դրամ ավանդը և դրա մի մասը հետագայում օգտագործել իր կարիքների համար։ 2016-2018-ին օնլայն խաղատներում այդ միջոցներից խաղատների է փոխանցել կամ կանխիկացրել շուրջ 137 միլիոն դրամ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հերքել էր մեղադրանքները։ Վարդանյանը քրեական գործի հարուցումից հետո լքեց զբաղեցրած դիրքը՝ նշելով, որ գիտակցում է՝ իր հետագա պաշտոնավարումը կվնասի համահայկական հիմնադրամի հեղինակությանը: Ավելի ուշ Վարդանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Վերադառնալով ասֆալտապատման ընթացքում օգտագործվող նյութի՝ բիտումի գնման գործընթացին ու այս առումով ծագած այլ խնդիրների․ ձյան առատ տեղումներից հետո Երևանի քաղաքապետարանը սկսեց աղի ու ավազի խառնուրդով մշակել քաղաքի փողոցներ, իսկ փողոցներում առաջացած խորը փոսերը քաղաքային իշխանությունը կապեց հենց աղի ու ավազի կիրառման հետ։
Փոսալցմանը ներկա մի շարք քաղաքացիներ նկատել էին, սակայն, որ ասֆալտն արվում է գրեթե առանց բիտումի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս գոհ չէ փողոցների փոսալցման աշխատանքների որակից։ Նրա խոսքով՝ որոշ հատվածներում եղել էին լուրջ խնդիրներ՝ ներառյալ բիտում չօգտագործելը։ Կառավարութան վերջին նիստում ճանշինաշխատանքների որակից դժգոհել էր նաև վարչապետ Փաշինյանը։
«Բոլոր մարզերում էլ հրաշալի ճանապարհներ են կառուցված, գծանշած և այլն, մեկ էլ տեսնում ենք՝ մի տեղ այսպես կտրած է, մի տեղ սենց է կտրած, մի տեղ այսպես է կտրած։ Ցավալի տեսարան է, որ ասում են, ոնց որ «մսիցդ պոկած լինի» այդպիսի զգացողություն է առաջաում։ Այդքան ջանք է գործադրվել տասնամյակներով գոյություն չունեցող ճանապարհը բերվել է այդ տեսքի, բայց մեկ էլ տեսնում ես մի 20 սմ ճանապարհը ծայրից ծայր կտրել են։ Նշանակում է, որ այդտեղից ջուրը մտնելու է, ու քայքայումը սկսվելու է»։
Շինաշխատանքների որակի վերաբերյալ վարչապետի դիտարկումներին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց՝ բիտումի որակը ստուգվում է հենց սահմանին, այսինքն՝ դրա որակի խնդիր չկա։ Խնդիրն առավելապես դրա կիրառման ու շինաշխատանքների ընթացքում թերացումների մասով է։
«Մենք սահմանին, ըստ էության, կանգնեցնում ենք մեքենան, մինչև չլինի դրական եզրակացություն այդ մեքենան չի կարողանում գալ Հայաստանի Հանրապետություն։ Եվ ես կարծում եմ, որ շատ հարցեր, որոնք ոլորտում կային, սրա արդյունքում կլուծվեն»։
Փաշինյանն ընդգծեց ու կարգադրեց՝ սկզբունք պետք է լինի ճանապարհների ասֆալտապատման անորակ աշխատանքները չընդունելը։
«Որակի հարցում կոմպրոմիս չի կարող լինել, վերջ: 1 կմ է, 2 կմ է, 10 կմ է, թե 20 կմ, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետք է քանդվի, նորից սարքվի: Այդտեղ չկա երկրորդ կարծիք»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը զեկուցել է խնդիրների լուծման քայլերը։ Պատկան կառույցներն այժմ նաև ճանապարհների կառուցման կամ բարեկարգման միասնական չափորոշիչներ են մշակում, այսինքն՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից ու պատվիրատուից՝ բոլոր ճանապարհների որակը պետք է լաբորատոր փորձարկման ենթարկվի նույն տրամաբանության մեջ։