Ավարտվել է Հայաստանում իրականացվող լայնածավալ մարդասիրական աջակցության հերթական փուլը, որի շրջանակում «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծով աջակցություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40 հազար մարդ։ Նախաձեռնությունն իրականացրել են «Եվրասիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունները՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո, տեղական վարչակազմերի և կամավորական միավորումների աջակցությամբ։
Ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի հուլիսի 31-ին և շարունակվել ավելի քան ութ ու կես ամիս։ Մարդասիրական օգնություն է տրամադրվել 9310 ընտանիքի։ Աջակցությունը հիմնականում հասցեագրվել է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներ, կերակրողին կորցրած ընտանիքներ, հաշմանդամություն ունեցողների ընտանիքներ, միայնակ տարեցներ։
Շահառուներին փոխանցվել է 9310 համալիր մարդասիրական փաթեթ, որոնք ներառել են սննդամթերք, հիգիենայի պարագաներ, կենցաղային և մանկական ապրանքներ։ Օգնության բաշխման կետեր են գործել Հայաստանի տարբեր բնակավայրերում, իսկ սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են նաև հասցեական առաքումներ։
Ընդհանուր առմամբ, ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 45 բնակավայր, ինչը հնարավորություն է տվել աջակցություն հասցնել հանրապետության տարբեր մարզերում բնակվող տեղահանված ընտանիքներին։
Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան ընդգծում է, որ նախաձեռնության առանցքում թվերը չեն, այլ մարդկանց նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ իր համար «օտար» դժբախտությունգոյություն չունի, և որտեղ էլ ապրեն հայրենակիցներն ու բարեկամ ժողովուրդները, Ռուսաստանը պատրաստ է լինել նրանց կողքին։ Նա նաև նշել է, որ ներկայիս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն միասնությունն ու փոխօգնությունը, քանի որ դժվարությունները հաղթահարվում են այն դեպքում, երբ մարդիկ աջակցում են միմյանց։
«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկն իր հերթին հիշեցնում է, որ կազմակերպությունը վերջին տարիներին աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում, իսկ այս նախագիծը դարձել է երկրում իրականացվող համակարգային գործունեության կարևոր փուլերից մեկը։ Խոսքը միայն մարդասիրական աջակցության մասին չէ, այլ մարդկանց կողքին լինելու, շփվելու, իրական կարիքները հասկանալու փորձի մասին։ Յուրաքանչյուր թվի հետևում կոնկրետ ճակատագրեր են, հաղթահարման պատմություններ և կյանքը նորից կառուցելու մարդկանց ներքին ուժը։
«Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան էլ նշում է, որ կազմակերպության համար սկզբունքային է լինել այն մարդկանց կողքին, ովքեր հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրա գնահատմամբ՝ շուրջ ինը ամսում 40 հազար բռնի տեղահանվածի համար սա ոչ միայն օգնություն է․ որովհետև այդ թվերի հետևում մարդիկ են, որոնց համար կարևոր է զգալ, որ իրենք մենակ չեն մնացել սեփական խնդիրների առաջ։ Նա նշել է, որ ծրագրի նպատակն է մարդկանց օգնել վերականգնել վստահությունն ու վերադառնալ բնականոն կյանքի։
Չնայած մարդասիրական աջակցության այս փուլն արդեն ավարտվել է, կազմակերպիչները հայտնում են, որ Հայաստանի տարածքում օգնության ծրագրերը շարունակվելու են նաև առաջիկայում։ Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ մարդասիրական բեռների տեղափոխման կազմակերպմանն աջակցելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։