Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Մարկուս Բաբելը խիստ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալին»՝ մեղադրելով իսպանական թիմին ոչ սպորտային պահվածքի և մեծամտության մեջ։
««Ռեալը» Եվրոպայի ամենաատելի ակումբն է, և հիանալի կլիներ, եթե հենց «Բավարիան» դուրս գար հաջորդ փուլ: Վերջին տարիներին «Ռեալի» վարքագիծն, իմ կարծիքով, ոչ սպորտային է և ոչ մի աղերս չունի արդար խաղի սկզբունքների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե նրանք իրենց բոլորից վեր են դասում և կարծում են, որ մնացածից լավն են: Դա ինձ իսկապես հունից հանում է և ստիպում ատել նրանց։
«Բավարիան» երբեք չէր բոյկոտի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը միայն այն պատճառով, որ իր ֆուտբոլիստը չի արժանացել մրցանակին: Սա անհարգալից վերաբերմունք է բոլորի նկատմամբ: Ես «Ռեալի» պահվածքը պարզապես զզվելի եմ համարում»,- Բաբելի խոսքերն է մեջբերում Sky 90 հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին դիմակայության շրջանակներում կայացած խաղում, «Ռեալը» սեփական հարկի 1-2 հաշվով զիջել է «Բավարիային»։