Քննարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի, ՍԴ դատավորների վարձատրության և այլ նախագծեր

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր:

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Տիգրան Դադունցը նաեւ ներկայացրել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ նախաձեռնությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության վերանայմանը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Ըստ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի՝ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Փաթեթից հանվել է երկու նախագիծ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը: Նա հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագծերի փաթեթում փոփոխություններ չեն կատարվել:

Նախաձեռնությամբ առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել դրանց առգրավման նաեւ էլեկտրոնային եղանակը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Leave a Comment