ԱԺ-ում քննարկվել է քաղաքացիների ընդունելության էլեկտրոնային ձևաչափը

2024-2025 թվականների ընթացքում ԱԺ պատգամավորների ընդունելության մասնակիցների մեծ մասը եղել է Երեւանից: 2024 թվականին մարզերից եկած քաղաքացիների թիվը կազմել է ընդամենը 13, իսկ 2025 թվականին՝ 14 տոկոս: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 10-ի նիստում: Պատգամավորը քննարկման է ներկայացրել իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ փոփոխություն՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքներում:

Զեկուցողը նշել է, որ բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների են բախվում՝ կապված Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության հարցի հետ: Այդ քաղաքացիներից շատերն ապրում են մարզերում, ունեն հաշմանդամություն, տարեց են կամ գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում: Նման անձանց հասանելիությունն ապահովելու, ինչպես նաեւ պատգամավորների գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստելու համար պատգամավորն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել էլենտրոնային կապի միջոցների կիրառմամբ քաղաքացիների ընդունելության հնարավորությունը:

Քննարկումների արդյունքում հնչել են հարցադրումներ, եղել են առաջարկներ: Դրանք քննարկելու եւ նախագիծը լրամշակելու նպատակով հեղինակն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Leave a Comment