Երևանում սպանված Բայմուրադովայի գործով կասկածյալների հետախուզում է հայտարարվել ՌԴ-ում

Երևանում սպանված Բայմուրադովայի գործով կասկածյալների հետախուզում է հայտարարվել ՌԴ-ում

10 ապրիլի 2026 – 18:29 AMT

PanARMENIAN.Net – Երևանում սպանված չեչեն Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալների հետախուզում է հայտարարվել ՌԴ-ում: Ռուսաստանի ՆԳՆ-ի հետախուզման բազայում հայտնվել են Կարինա Իմինովայի և Սաիդ-Համզատ Բայսարովի տվյալները, որոնք համարվում են սպանությանՆ առնչվող անձինք, այտնում է «ՔԿ SOS» ճգնաժամային խումբը։

Միաժամանակ, բազայում չի նշվում ոչ այն հոդվածը, որի շրջանակում նրանք որոնվում են, ոչ էլ հետախուզում հայտարարելու ամսաթիվը։ Իմինովայի քարտում նշվել են նաև երկու ազգություններ, մինչդեռ Բայսարովի վերաբերյալ նման տեղեկություններ չեն ներկայացվել, գրում է Currenttime-ը:

Բացի այդ, Իմինովան առանձին գրանցված է որպես անհետ կորած, ինչը, իրավապաշտպանների գնահատմամբ, կարող է վկայել նրա շրջապատի կողմից իրականացվող զուգահեռ որոնումների մասին։

Հայաստանը կասկածյալներին հետախուզման մեջ է հայտարարել դեռևս 2025 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին հարցումներ է ուղարկել Ինտերպոլ և Ռուսաստան, սակայն 2026 թվականի փետրվարի դրությամբ ՌԴ-ից պատասխան չի ստացվել։

Բայմուրադովան կամավորներից օգնություն է խնդրել ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարին՝ բողոքելով ընտանեկան բռնությունից։ Նրա ծանոթների խոսքով՝ աղջկա հայրը նախկինում ծառայել է Չեչնիայի ուժային կառույցներում, իսկ ինքը անձնական զրույցներում նշել է, որ իր տատը հանդիսանում է Ախմատ Կադիրովի՝ ՌԴ կազմում Չեչնիայի առաջին նախագահի և ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հոր, զարմուհին։ Նրա տարհանմանը մասնակցել են առնվազն երկու անկախ ճգնաժամային խմբեր:

Հայաստան տեղափոխվելուց հետո Այշաթը ակտիվորեն վարել է սոցիալական ցանցեր, որտեղ քննադատել է կադիրովյան ռեժիմը, Չեչնիայի նահապետական կարգերը, տեղական տղամարդկանց և իսլամը՝ չթաքցնելով իր բնակության վայրը։ Նրա մարմինը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է Երևանում գտնվող բնակարանում 2025 թվականի հոկտեմբերի 19-ին։

Ինչպես պարզել են հայ իրավապահները, սպանության գիշերը այդ բնակարանից դուրս է եկել երկու անձ՝ Կարինա Իմինովան և Չեչնիայից ծագումով Սաիդ-Համզատ Բայսարովը։

Բայսարովը, ինչպես գրել է «Մեդուզա»-ն, համարվում է գործարար Ռուսլան Բայսարովի՝ երգչուհի Քրիստինա Օրբակայտեի կրտսեր որդու հոր և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմը, զարմիկը։ Նա նախկինում դատապարտվել է ահաբեկչության ֆինանսավորման գործով, սակայն 2019 թվականին բոլոր մեղադրանքները հանվել են։

Երկուսն էլ լքել են Հայաստանի տարածքը նույն օրը։

Leave a Comment