Գյուղապրանքների մասնաբաժինը արտահանման մեջ մեծացել  է

2026 թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.2 տոկոսով։  Հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով․  արտահանումն ավելացել է շուրջ 38, իսկ ներմուծումը՝ 27 տոկոսով: Փոփոխություններ են գրանցվել արտահանման ուղղություններում․ դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է, դեպի ԵՄ ՝ ավելացել։

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ազդում է տնտեսական գործընթացների վրա, բայց այդ ազդեցությունը տնտեսական  ցուցանիշների վրա դեռ չի արտացոլվում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոփոխությունները նկատելի չեն՝ ասում է ՀՏՊՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը։

«Հիմնական փոփոխությունը, որ կարելի էարձանագրել, ԵԱՏՄ մասնաբաժնի նվազումն է, ԵՄ  մասնաբաժնի աճը։ Իհարկե, տարբերությունը մեծ չէ, բայց այն կա։ Եվ նորից մեր ներմուծումը արտահանումից ավելի մեծ է, ավելի առաջանցիկ է»։

Տեսակարար կշռով արտահանումն ավելի մեծ աճ է ունեցել, քան ներմուծումը, բայց ծավալով զիջում է ներմուծմանը։ Արտահանման  մեջ ավելացել է գյուղատնտեսական ապրանքների մասնաբաժինը։

«Դա, հաշվի  առնելով սեզոնայնությունը, պայմանավորված է ջերմոցային տնտեսությամբ։ Սանշանակալիառաջընթացկարելիէհամարել, որովհետև ջերմոցային տնտեսությունը ոչ միայն գյուղատնտեսություն է, այլև տեխնոլոգիա։ Ջերմոցային տնտեսության մեջ ներդրվող գումարները ու դրանց վերադարձը պայմանավորված են տեխնոլոգիաներով։ Կարևոր է, թե ինչպիսի տեխնոլոգիաներ կներդրվեն և որքան ժամանակում դրանք հետ կգան»։

Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է, առաջատարը շարունակում է մնալ ՌԴ–ն՝ մոտ 90 տոկոսմասնաբաժնով։  Դեպի ԵՄ երկրներ արտահանումը ավելացել է, բայց ոչ մեծ ծավալով։

«Բուլղարիան, Գերմանիան այն երկրներն են, որոնց հետ առևտրաշրջանառության ծավալները համեմատաբար  մեծացել են։ Արտահանվում են ավանդական ապրանքատեսակները։  Շուկայում այս առումով նոր մրցակցություն չկա։ Մրցակցության պայմանների փոփոխությունը կամ շուկայում նոր մասնակիցների ի հայտ գալը կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների փոփոխությանը։ Խոշոր հաշվով ինչ-֊որ նորամուծություն, նոր ապրանքատեսակներ նոր մոտեցումներ են պետք, որպեսզի մենք ունենանք էական փոփոխություն»։

Մասնագետներն ակնկալում են, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա։ «Աքսես» վերլուծական կենտրոնում արդեն հաշվել են, որ Իրանի տրանզիտային ենթակառուցվածքների կրած վնասը կամ լոգիստիկ հնարավորությունների սահմանափակումը կարող են նշանակալի լինել, օրինակ, Հայաստանից ծխախոտի արտահանման համար։ 2025-ին ՀՀ-ից արտահանվել է 240 մլրդ դրամի ծխախոտ, որի կեսից ավելին՝ Մեղրիի սահմանային անցակետով։ Գերակշիռ մասը՝ 74 %-ը, ուղարկվել է Իրաք, 23 %-ը՝ ԱՄԷ։ Արտահանման վերաբերյալ մտահոգություններ կան նաև գլխավոր դրամատանը՝ ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Խնդիրը, որ կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, հայկական ընկերությունների՝ Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման սահմանափակման հնարավորությունն է։ Եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական անկում, ապա անդառնալիորեն ազդելու է տնտեսության առաջարկի ու պահանջարկի վրա։ Եթե արտաքին պահանջարկը նվազեց, ապա դա կազդի նաև մեր տնտեսության վրա։ Դրանք ոչ միայն տնտեսական են լինելու, այլ նաև հոգեբանական»։

Հայաստանն Իրանի հետ մեծ առևտրաշրջանառություն ունի` ընդգծում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը կարծում է, որ ձգձգվող հակամարտությունը մեր տնտեսության վրա կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ։

«Վնասները ակնհայտորեն հիմա էլ կան, մասնավորապես որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Բացի այդ՝ որոշ արտադրությունների համար հումք ենք ներկրում, որի դեպքում նորից գնաճային ռիկսեր հնարավոր է առաջանան»։

Հայաստանն ապրանքներ է արտահանում նաև Պարսից ծոցի այլ երկրներ։ Բացի դրանից՝ Իրանի տարածքով են  Հայաստան հասնում Հարավարևելյան Ասիայի և աշխարհամասի այլ երկրներից ներկրվող բեռները։ Այլ ուղիներով ներկրումը կարող է լինել ավելի ծախսատար և ժամանակատար։

Leave a Comment