Մերձավոր Արևելքում լարվածությունը չի նվազում․ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի և Լիբանանի շուրջ միաժամանակ թե՛ ռազմական գործողություններն են ակտիվացել, թե՛ բանակցությունների մասին հայտարարությունները։ Երկու օր առաջ Լիբանանին հասցված ծանր հարվածի հետևանքով 500 զոհ է գրանցվել։ Ցավալի է քաղաքացիական անձանց շրջանում նման զոհեր ունենալը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է լիբանանահայ վերլուծաբան Սևակ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ հայերի շրջանում զոհեր չեն եղել զուտ այն պատճառով, որ հրետակոծված թաղամասերում շատ հայեր չեն ապրում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ՝ ընդգծելով, որ դրանք կարող են մեկնարկել հնարավորինս շուտ։ Իսրայելի վարչապետը, մասնավորապես, հայտարարել է.
«Հաշվի առնելով Լիբանանի կողմից Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու բազմիցս արված խնդրանքները, երեկ ես կառավարությանը հանձնարարեցի հնարավորինս շուտ ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ»։
Նեթանյահուն նաև բացահայտել է, թե ինչ նպատակով է Իսրայելը պատրաստվում բանակցություններ վարել.
«Բանակցությունները կկենտրոնանան «Հեզբոլլահ»-ի զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա»։
Դեռ նախօրեին Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ Լիբանանում հրադադար չկա, և որ իրենք շարունակում են ողջ ուժով հարվածել «Հեզբոլլահին» և չեն դադարի, մինչև, նրա խոսքով, չվերականգնեն երկրի անվտանգությունը։
Պաշտոնական Բեյրութն առայժմ չի արձագանքել Իսրայելի վարչապետի՝ բանակցություններ սկսելու հայտարարությանը, ինչն, ըստ վերլուծաբանների, անորոշություն է առաջացնում։ Լիբանանահայ վերլուծաբան, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ առայժմ միայն Լիբանանի վարչապետն է անդրադարձել տվյալ հայտարարությանը։
«Քողարկված մի տողով ասելով, որ Լիբանանի անունից կբանակցի Լիբանանի կառավարությունը։ Այսինքն՝ ցանկացավ ասել, որ «Հըզբոլլահը» չէ, որ պետք է բանակցի, այլ Լիբանանի կառավարությունը։ Իսկ Նեթանյահուի նկատի ունեցած գործընկերն ո՞վ է այդ բանակցություններում, դա հստակ չէ»։
Միևնույն ժամանակ, ըստ իրանական Tasnim գործակալության, տարածաշրջանային այլ դերակատարները բանակցությունների մեկնարկի կոշտ նախապայմաններ են առաջ քաշում։ Աղբյուրը նաև փոխանցում է, որ Իրանը մտադիր չէ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն դադարեցվել Լիբանանի վրա իսրայելական հարձակումները։ Այս պայմանն Իրանը ներկայացրել ԱՄՆ-ին փոխանցած՝ պատերազմը դադարեցնելու և հրադադար հաստատելու իր առաջարկներում։ Իրանական կողմը, ըստ Tasnim գործակալության, հստակ հայտարարել է.
«Քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել հրադադարի վերաբերյալ իր հանձնառությունը, բանակցությունները մնում են կասեցված»։
Զուգահեռաբար, միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Լիբանանում ստեղծված իրավիճակին։ Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի քան 60 պետություն և Եվրամիությունը համատեղ հայտարարությամբ դատապարտել են ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ հարձակումները։ Հայտարարության մեջ նաև ասված է.
«Խորը մտահոգություն ենք հայտնում Լիբանանում տիրող մարդասիրական ծանր վիճակի, քաղաքացիական զոհերի զգալի թվի, ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման և մեկ միլիոնից ավելի մարդկանց տեղահանման վերաբերյալ»։
Միևնույն ժամանակ դիվանագիտական հարթությունում որոշակի տեղաշարժ կա․ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է, որ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի պատվիրակություններն ուղիղ բանակցություններ կվարեն դեսպանների մակարդակով։ Սակայն իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ պայթյունավտանգ։ Երկրում տեղակայված իսլամիստական քաղաքական կուսակցություն և զինյալ խումբ «Հըզբոլլահն» անօդաչուներով հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտին, ինչի ֆոնին Իսրայելում օդային տագնապ ու անվտանգության նախազգուշացումներ են հնչել։
Ի՞նչ սպասելիքներ կան հնարավոր բանակցություններից։ «Ռադիոլուրի» հետ զրույցում լիբանանահայ վերլուծաբան Սևակ Հակոբյանն ասաց՝ լիահույս չէ, որ Լիբանանը ուղիղ բանակցությունների գնա Իսրայելի հետ։
«Դա կարող է ծանր արժենալ կառավարության համար, քանի որ «Հեզբոլլահը» կարող է դրանից գոհ չմնալ։ Նախ՝ կարող է դրա կայացումից գոհ չմնալ, ապա նաև արդյունքներից գոհ չլինել։ Կառավարությունը կհամարձակվի՞ դա անել՝ ևս հարցական է։ Այսինքն՝ հայտարարությունները մի բան են, գործնականում այդ քայլին դիմելը՝ մեկ այլ բան։ Տակավին կա նաև արաբական աշխարհի անդրադարձը. Լիբանանը ինչ-որ բանի մեջ կմտնի՞ Իսրայելի հետ՝ առանց արաբական աշխարհի հավանության։ Դա նույնպես հարցական է։ Ես կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Մյուս կողմից՝ կառավարությունը, ասենք, խոստացավ Իսրայելին, որ «Հըզբոլլահին» պետք է զինաթափի (հիմնական պահանջը դա է), գետնի վրա կարո՞ղ է իրագործել։ Չի կարող իրագործել։ Հետևաբար այդ իմաստով է, որ ես հարցականի տակ եմ դնում ամեն ինչ»։
Միջազգային վերլուծաբաններն արձանագրում են, որ զուգահեռ հարթություններում ձևավորվում են թե՛ բանակցային գործընթացի նախադրյալներ, թե՛ շարունակվում է ռազմական էսկալացիան, ինչն էապես բարդացնում է տարածաշրջանում կայունության հեռանկարը։