Սահակյան․ Բաքվում դատապարտվածների վերաբերյալ Միջազգային դատարան բողոք մուտքագրելու վերջին ժամկետը հունիսն է

Սահակյան․ Բաքվում դատապարտվածների վերաբերյալ Միջազգային դատարան բողոք մուտքագրելու վերջին ժամկետը հունիսն է

10 ապրիլի 2026 – 17:28 AMT

PanARMENIAN.Net – Բաքվում ապօրինի դատապարտված անձանց գործերով Միջազգային դատարան բողոքi ներկայացման վերջնաժամկետը հունիսն է, հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Եթե հունիսից ուշ մուտք արվի, մենք ժամկետների հետ խնդիրներ կունենանք», -ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:

Նա նշել է, որ այս պահին դատավճիռները հայկական կողմին դեռևս չեն տրամադրվել։

«Աշխատանքներ իրականացվել են մի քանի ուղղությամբ՝ նախ դրանց ստացման ուղղությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ համապատասխան փաստաթղթավորման համար, որպեսզի ՄԻԵԴ-ը պահանջի այդ փաստաթղթերը և փոխանցի հայկական կողմին»,- ասել է նա:

Սահակյանը հավելել է, որ հարազատները դիմել են հանրային պաշտպաններին և կապեր են ստեղծել՝ փաստելու համար, որ դատավճիռների ստացումը հնարավոր չի եղել։ Նա նաև տեղեկացրել է, որ նոր դիմում է պատրաստվել Կարմիր խաչին՝ հնարավոր այցերի ընթացքում այդ փաստաթղթերը ստանալու նպատակով։

Նա նաև նշել է, որ հայրենադարձված անձանց վկայությունների հիման վրա ի հայտ են եկել մի շարք խնդիրներ։

«Մյուս կողմից մի քանի խնդիր է ի հայտ եկել հայրենադարձվածների վկայությունների հիման վրա։ Առաջարկում ենք Կարմիր խաչին ձեռնարկել այցելություն, որի նպատակն այդ խնդիրների բարձրաձայնումը կլինի։ Այդ նամակը պետք է ստորագրեն 16 անձանց հարազատները, քանի որ կենտրոնական խնդիրները կապ ունեն վերջին դատավճիռները հրապարակելու հետ, դրանք բողոքարկման, 16 անձանց իրավունքի իրացման հետ միջազգային ատյաններում բողոքարկման, դրա համար այս վերջին դատաքննությամբ անցած ամբաստանյալների տրամաբանությամբ է շարադրվել նամակը», – ասել է Սահակյանը։

Նրա խոսքերով, եթե մինչև վերջ Ադրբեջանը նրանց իրավունքները շարունակի խախտել ու այդպես էլ չտրամադրի դատավճիռները, ապա փաստաթղթավորելու են, որ դատավճիռը չեն ստացել, ինչը զրկել է արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից։

«Այս պահին մեր ունեցած տեղեկությունների հիման վրա արդեն իսկ տեղի ունեցած և տեղի ունեցող խախտումները շարադրում ենք, միևնույն ժամանակ դատարանի առաջ պահանջ ենք դնում պահանջել դատավճիռները և մեզ տրամադրել, հնարավորություն տալով դատավճիռը ստանալու պահից լրացնել մեր պաշտպանական քայլերը, մենք այդ դեպքում կարիք ունենք ցույց տալու, որ մեզ չի հաջողվել դատավճիռները ստանալ և այդ հանգամանքով հետագայում հնարավորություն ունենալ լրացուցիչ փաստարկներ ներկայացնելու, եթե դատավճիռն ուսումնասիրելով նոր փաստարկներ ի հայտ գան, բայց ես հիմա ժամկետը հաշվարկում եմ վճռի հրապարակման օրից, մինչև հունիս մենք պետք է արդեն մուտք անենք գանգատները, եթե դրանից ավելի ուշ ներկայացնենք, մենք ժամկետների հետ խնդիր կունենանք», – ասել է Սահակյանը։

Մարդասիրական հարցերի առումով, ըստ նրա, կիրառվել են այլ մեխանիզմներ։

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանում ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ-ն կարող է օգտվել միջնորդավորված հյուպատոսական առկայությունից իր ապօրինի պահվող անձանց այցերը կազմակերպելու համար։ Ինչու սա նախկինում չի արվել, քանի որ այս ծառայությունը իրականացնում էր Միջազգային Կարմիր խաչը, բայց անցյալ տարի սեպտեմբերից, երբ Կարմիր խաչի գրասենյակը փակվեց, գիտեք՝ մենք դիմեցինք ԱԳՆ-ին, ու մինչ օրս գիտեք՝ քննարկում են ու չեն եկել վերջնական որոշման, որպեսզի դիմել երրորդ պետության, և այդ պետությունը իրականացնի այդ հյուպատոսական ծառայությունը»,- ասել է իրավապաշտպանը։

Նա անդրադարձել է նաև Ժնևյան կոնվենցիաների կիրառմանն աջակցող մեխանիզմներին՝ նշելով, որ Կարմիր խաչը ավանդաբար իրականացրել է հովանավոր պետության գործառույթներ։

Ինստիտուտը ինստիտուցիոնալացված կերպով հովանավոր պետության գործառույթ է իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, և այն տարածաշրջաններում, որտեղ կոմիտեի գործունեությունը թույլատրվում է, կարիք չկա նշանակելու հովանավոր պետություն, որովհետև գործառույթը արդեն իսկ չեզոք միջազգային կազմակերպության կողմից իրականացվում է, և վերջին տարիներին միջազգային պրակտիկայում սա չի էլ գործարկվում, այն պարզ տրամաբանությամբ, որ այդ դերը կատարում է Միջազգային Կարմիր խաչը: Մենք հիմա փորձում ենք հակառակ կողմից գալ, որ ի սկզբանե եղել է Կարմիր խաչը, որն այս գործառույթները իրականացրել է, հովանավոր պետություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայել է, բայց հաշվի առնելով, որ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցվել է, կա բաց, մենք հիմա առաջարկում ենք ստեղծել այդ մեխանիզմը, որպեսզի պաշտպանիչ գործառույթ իրականացվի հայ գերիների նկատմամբ։

Այդ նպատակով դիմել ենք ՀՀ ԱԳՆ-ին, որովհետև կրկին դիմող պետք է հանդես գա ԱԳՆ-ն, դիմել ենք Շվեյցարիային՝ կրկին այն տրամաբանությամբ, որ չեզոք դեր ունենալով կարող է այդ պաշտպանական ֆունկցիան ստանձնել, և դիմել ենք Միջազգային Կարմիր խաչին հստակեցնելու համար, որ քանի որ Կարմիր խաչը չկա, այդ բացակայությունն է, որ անհրաժեշտություն է առաջացել գործարկելու այդ բացառիկ մեխանիզմը, եթե կվերականգնվի Կարմիր խաչի գործառույթը, մենք ուրախ կլինենք, որ ֆունկցիան շարունակաբար իրականացնի Կարմիր խաչը, սրա վերաբերյալ հաղորդագրություն տարածելով սպասում ենք արձագանքի», – եզրափակել է Սահակյանը։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment