Հայաստանում կարգեկափակվի՞ մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր․ բուռն քննարկումն ի՞նչ արդյունք է տվել

Դիանա Միքաելյան՝
«Ռադիոլուրի» համար
 

Միացյալ Թագավորության հարյուրավոր դեռահասներ կմասնակցեն սոցիալական ցանցերի արգելքների, ժամանակային սահմանափակումների փորձարկմանը։ Սրանով այդ երկրի կառավարությունը փորձում է ապահովել երեխաների անվտանգությունը օնլայն հարթակում։ Լեհաստանը նախատեսում է արգելել դպրոցներում 16 տարեկանից փոքր երեխաների սմարթֆոնների օգտագործումը՝ միանալով այն երկրների աճող ցանկին, որոնք սահմանափակում են երեխաների էկրանային ժամանակը և սոցիալական ցանցերի օգտագործումը։ Նիդեռլանդները, Հարավային Կորեան և Իտալիան այն երկրների շարքում են, որտեղ դպրոցներում արդեն արգելել են սմարթֆոնների օգտագործումը՝ մտահոգված լինելով, որ դրանք վատ ազդեցություն են թողնում երեխաների կենտրոնացման և վարքագծի վրա։ Անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարել են նաև Իսպանիան և Ֆրանսիան, իսկ  Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։

Հայաստանում ևս, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ 

Մի պահ պատկերացրեք, որ դեռահասների ամենօրյա զբաղմունքը՝ միմյանց հետ շփումը սոցցանցերի միջոցով կամ պարզապես այդ հարթակներից օգտվելը, կարող է սահմանափակվել օրենսդրական որոշմամբ․սա այսօր Հայաստանում բուռն քննարկման թեմա է։ Մի քանի գերատեսչություններ քննարկում են մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական հարթակներ սահմանափակելու հարցը։ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի փոխանցմամբ՝ ներգրավված են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները։

«Իրականացվում է հետազոտություն, որպեսզի դուրս բերվեն բոլոր հիմնական հնարավորությունները, ռիսկերը, խնդիրները։ Այդ ամբողջական պատկերն ունենալուց հետո նոր հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարգավորումներ են պետք, ինչպես դրանք ճշգրիտ ու թիրախային կիրառվեն։ Ըստ այդմ էլ կհասկանանք, թե որ կայքերն են սահմանափակվում։

Նախարարության ներկայացուցիչը ոլորտում բազում խնդիրներ և դրանց կարգավորման կարիք է տեսնում։ Պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու բավարար կարգավորումներ է ներդրել։

«Առաջին խնդիրը, որը այս կարգավորումները պետք է լուծեն, այն է, որ պետությունը վստահ լինի՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության համար բավարար գործիքներ և մեխանիզմներ են ստեղծվել, որովհետև հիմա ունենք իրավիճակ, երբ երեխաները դառնում են թվային միջավայրի զոհ, և կան նաև դեպքեր, երբ իրենք այդ հարթակները օգտագործում են ոչ ճիշտ նպատակներով»։

Մանկավարժ Աիդա Ավալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է սոցցանցերի երկակի ազդեցությունը։ Մի կողմից դա տեղեկատվության աղբյուր է, մյուս կողմից՝ ժամանակի կորստի և անտարբերության պատճառ։

«Ինչ խոսք, բնականաբար այն ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։ Դրական ազդեցությունը, կասեի, այն է, որ երեխաները ավելի շատ են ինֆորմացվում, եթե օգտվում են հեռախոսից ճիշտ ձևով։ Բացասականն այն է, որ երեխան սկսում է ավելի շատ շփվել հեռախոսի հետ, կորցնում է ժամանակի զգացողությունը։ Կարող է մեկ ժամ զբաղվել հեռախոսով, բայց իրեն թվա, թե ընդամենը հինգ րոպե է օգտագործել այն։ Այս ամենից առաջանում է թուլություն և անտարբերություն»։

Ուսուցիչը նկատում է, որ երեխաները գնալով ավելի շատ են տնային առաջադրանքն անելիս դիմում արհեստական բանականությանը, և, ասում է, հենց այդ ժամանակ էլ սկսում է խաթարվել աշակերտ–ուսուցիչ կապը։

«Հեշտին միշտ էլ երեխանները ձգտում են, սակայն մենք պետք է ըմբռնումով մոտենանք երեխային՝ չցավեցնելով նրան, և բացատրենք, որ դա ճիշտ չէ։ Ինքնուրույն տրամաբանության զարգացումը շատ ավելի լավ է, քան աբ-ը օգտագործելը։ Ես կողմ եմ, որպեսզի երեխայի մտածելակերպը զարգանա, և միտքը ճկուն լինի»։

Մանկավարժը անհերքելի է համարում՝ սոցցանցերը երեխային կտրում են առօրյա կենդանի շփումից, աստիճանաբար դարձնում ավելի անտարբեր միմյանց և շրջապատի հանդեպ, կտրում իրականությունից։

«Ընկերասիրությունը հաճախ բացակայում է այս սոցցանցերի դարում։ Նախկինում երեխաների սերը, փոխհոգատարությունը և վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ շատ ավելի ջերմ և մտերմիկ էր, քան այսօր»։

Մի խումբ աշակերտներ մեզ հետ զրույցում անկեղծանում են՝ իրենք գիտակցում են խնդիրը, սակայն կողմ չեն կտրուկ արգելքներին։ Հարցին՝ կարիք կա՞ ամբողջովին սահմանափակել համացանցի հասանելիությունը, թե հնարավոր են նաև այլընտրանքային լուծումներ, աշակերտուհին պատասխանեց.

«Իմ կարծիքով՝ ավելի լավ կլինի , որ մեզ սովորեցնեն, թե ինչպես ճիշտ օգտվել այդպես մենք ավելի արդյունավետ կերպով կկարողանանք օգտվել համացանցից»։

Աշակերտուհին հավելեց նաև, որ դպրոցում հավաքում են իրենց հեռախոսները, և դրանք վերադարձվում են միայն դասերի ավարտին։

«Ուսուցիչը հեռախոսները տանում է ուսուցչանոց, սակայն այն մարդիկ, որոնք պահում են և չեն հանձնում հեռախոսները, այդ դեպքում ուսուցիչը կարող է վերցնել և մեկ շաբաթ չվերադարձնել»։

Մեր զրուցակից աշակերտուհին խոստովանում է, որ ինքը ևս հեռախոսից կախվածություն ունի, դասերի ընթացքում հաճախ շեղվում է, չի կարողանում լիարժեք կենտրոնանալ և ներգրավվել դասերին։ Ասում է՝ դա էլ իր պատճառներն ունի, երբ դասը հետաքրքիր չէ, ինքն ակամայից փորձում է իրեն շեղել այլ զբաղմունքով։

«Կարծում եմ՝ չեմ կարողանում երկար կենտրոնանալ, երբ ուսուցչուհու կողմից տրված աշխատանքը հետաքրքիր չէ։ Այդ դեպքում ես փորձում եմ իմ ուշադրությունը շեղել այլ բանով այդ պահին հեռախոսն ինձ ավելի հետաքրքիր է թվում»։

Հոգեբան Տաթև Մամյանից հետաքրքրվեցինք՝ նման սահմանափակումներն ի՞նչ վարքագծային փոփոխության կարող են հանգեցնել, և ինչպես են ազդում սոցցանցերը դեռահասների վրա։

«Եթե դիտարկենք մինչև 16 տարեկան երեխաներին, ապա այն տարիքից, երբ նրանց ձեռքին արդեն հայտնվում է որևէ տեխնիկական սարք, պետք է սկսել ուշադրություն դարձնել այս խնդրին։ Դա այն շրջանն է, երբ երեխան սկսում է ակտիվորեն օգտվել համացանցից։ Ազդեցությունը, ընդհանուր առմամբ, ավելի շատ բացասական է, քան դրական։ Եթե անդրադառնանք բացասական կողմերին, ապա երեխան իր կյանքում բախվում է մեծ ծավալի տեղեկատվության, որը, անկախ իր վերլուծելու և ընկալելու կարողություններից, ստիպված է լսել և իր միջով անցկացնել։Սա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ նա, մեծ հաշվով, դեռ պատրաստ չէ այդքան մեծածավալ տեղեկատվությունը լիարժեք վերլուծելու և հասկանալու»:

Դեռահասները, հատկապես աղջիկները, սոցցանցերում հանդիպում են «իդեալական» կերպարների, ինչը սեփական արտաքինի հանդեպ դժգոհություն և հուզական տագնապ է առաջացնում ՝շեշտում է հոգեբանը։

«Եթե անդրադառնանք դեռահասության տարիքի աղջիկների և տղաների վարքագծին, տեսնում ենք, որ դրանք տարբեր են։ Աղջիկները հանդիպում են որոշակի վարքային մոդելների և արտաքին տեսքի օրինակների, որոնց փորձում են նմանվել՝ ձգտելով համապատասխանել դրանց։ Դա իրենց մոտ առաջացնում է լարվածություն և հուզական տագնապ։ Նրանք կարող են նմանակել նաև ինքնավնասող վարքային մոդելներ, հատկապես երբ տեսնում են շատ նիհար կազմվածք կամ ուտելու սովորություններ, որոնք իրենք պարզապես չեն կարող ճիշտ վերլուծել առանց ճիշտ ընկալման՝ նրանք դրանք պարզապես կրկնում են»։

Տաթև Մամյանը նշում է, որ սահմանափակումները պետք է լինեն հիմնավոր՝ նախ  խորքային կերպով ուսումնասիրելով, թե ինչն է պետք փակել․երեխային սոցցանցերից օգտվելու իրավունքից լիովին զրկելն այդքան էլ ճիշտ չէ։ Փոխարենը հարկ է սովորեցնել ճիշտ օգտվել համացանցից․

«Ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, սակայն այստեղ կա նաև մեկ այլ խնդիր։ Պետք է նախ հասկանալ՝ եթե լիովին սահմանափակվի մուտքը, ինչպես պետք է ապահովել, որ երեխան ստանա անհրաժեշտ և ճիշտ տեղեկատվություն, որպեսզի չզգա, թե իր իրավունքներն ու ազատությունը սահմանափակված են։ Այլապես նա կարող է գտնել շրջանցման ուղիներ։ Անգամ եթե հասանելիություն չկարողանա ունենալ համացանց, կարող է այլ վարքագիծ ձևավորվել»։

Մինչ Հայաստանում այս նախաձեռնությունը քննարկվում է, մի շարք երկրներ արդեն օրենքով սահմանափակել են մուտքը սոցցանցեր։ Ավստրալիան առաջինն է  արգելափակել է 16-ից փոքր երեխաների մուտքը։  Տեխնիկական առումով օգտատերը պետք է հաստատի իր տարիքը՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ որոշ դեպքերում գրանցումը հնարավոր է միայն ծնողի թույլտվությամբ։

Մասնագետները և պաշտոնական կառույցները դեռ ներքին բանավեճի մեջ են՝ արգե՞լքը կլինի լավագույն լուծումը, թե, այնուամենայնիվ, հարկ է շեշտը դնել մեդիագրագիտության վրա։

Leave a Comment