Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ազատազրկված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը, Armenia Today-ը տեղեկացել է Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանից։
Փաստաբանը հայտնեց, որ դատախազության որոշումը նոր է ստացել և դեռ չի հասցրել ծանոթանալ միջնորդությունը մերժելու պատճառներին։ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ դատախազին դիմում էին ներկայացրել, երբ Մինասյանին տեղափոխել էին հիվանդանոց։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ այսօր տեսակցել է Դավիթին։ Տղան, փաստաբանի խոսքով, դեռ թույլ է։
«Վիճակը նույնն է, նա շարունակում է բուժում ստանալ։ Բժիշկները փորձել էին նստեցնել, բայց կրկին գլխապտույտ էր ունեցել»,- հավելել է նա։
Փաստաբանը հայտնել է նաև Մինասյանի մոտ հաստատված ուղեղի ցնցման պատճառը՝ տեղեկացնելով, որ այն եկեղեցում Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից ստացած հարվածի հետևանքով է։
«Դավիթը մի շարք ծանր հիվանդություններ ունի, բայց գլխուղեղի փակ տրավման՝ ուղեղի ցնումը, միանշանակ ստացել է եկեղեցում, իսկ թե ինչ հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել ենք նաև մենք, այն ներկայացված է նաև վարույթն իրականացնող մարմնին»,- հավելել է փաստաբանը։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։
