2026 թվականին եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեն ՀՀ քաղաքացիություն։ Բացառություն են կազմում միայն 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Ո՞ր դեպքերում է քաղաքացին ինքնուրույն ներկայացնում հայտարարագիր
Քաղաքացին պարտավոր է ինքնուրույն լրացնել և ներկայացնել հայտարարագիր, եթե՝
- ստացել է չհարկվող եկամուտ, որի վերաբերյալ տվյալներ հարկային մարմինը չունի,
- ստացել է հարկվող եկամուտ, որի հարկը պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի (օրինակ՝ ֆիզիկական անձանց միջև վարձակալություն),
- ցանկանում է օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից։
Ի՞նչ տվյալներ են լրացվում ինքնաշխատ
Հարկային մարմնի կողմից ավտոմատ լրացվում են՝
- աշխատավարձը,
- քաղիրավական պայմանագրերով եկամուտները,
- շահաբաժինները, վարձավճարները, գույքի օտարումից եկամուտները,
- նպաստները, կենսաթոշակները, սոցիալական վճարները,
- տաքսի ծառայություններից ստացվող եկամուտները և այլ տվյալներ։
Բացառություն են կազմում միայն բանկային գաղտնիք պարունակող տվյալները։
Ո՞ր եկամուտներն է պետք լրացնել ինքնուրույն
Անկախ չափից, հայտարարագրման ենթակա են, օրինակ՝
- գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից եկամուտները,
- ապահովագրական փոխհատուցումները,
- էներգիա արտադրողների փոխհատուցումները և այլն։
Միաժամանակ, եթե գործարքի արժեքը գերազանցում է 1 մլն դրամը, պետք է հայտարարագրվեն նաև՝
- նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացված գույքը (ոչ ընտանիքի անդամից),
- անհատույց ստացվող եկամուտները,
- փոխառությունները,
- գույքի օտարումից եկամուտները և այլ նմանատիպ մուտքերը։
Հարկվող եկամուտներից պետք է հայտարարագրվեն այն եկամուտները, որոնք ստացվել են ոչ հարկային գործակալներից (օրինակ՝ այլ ֆիզիկական անձից կամ օտարերկրյա կազմակերպությունից)։
Որ դեպքերում հայտարարագրում չի պահանջվում
Հայտարարագրման ենթակա չեն՝
- ընտանիքի անդամներից ստացված եկամուտները (ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ, թոռ),
- վարկերը, գործուղման վճարները,
- պետական պարգևները,
- մինչև 50,000 դրամ արժողությամբ մրցանակներն ու շահումները,
- որոշ դեպքերում՝ մինչև 1 մլն դրամ չգերազանցող գործարքները։
Ժամկետներ
2025 թվականի համար հայտարարագրերը պետք է ներկայացնել՝
2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
Հաջորդ տարիների համար ժամկետը սահմանվում է՝
մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։