«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի կայքում՝ տեղեկացնելով Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո ՈւԵՖԱ-ին բողոք ներկայացնելու մասին։
«Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել խաղի ընթացքի և վերջնարդյունքի վրա»,- նշված է «Բարսելոնայի» տարածած հաղորդագրության մեջ։
Կատալոնացիների դժգոհությունը կապված է հանդիպման 54-րդ րոպեին տեղի ունեցած վիճահարույց դրվագի հետ, երբ «Ատլետիկոյի» խաղացող Մարկ Պուբիլը դարպասապահի կողմից գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տուգանային հրապարակում ձեռքով հպվել էր դրան: Ակումբում պնդում են, որ մրցավարը պարտավոր էր 11 մետրանոց հարված նշանակել։
Ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» պահանջել է հետաքննություն անցկացնել և ակնկալում է հասանելիություն ստանալ մրցավարների միջև խոսակցությունների ձայնագրություններին՝ հորդորելով խիստ միջոցներ ձեռնարկել։
«Կարծում ենք՝ սա առաջին դեպքը չէ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկություններում, երբ մրցավարական անբացատրելի որոշումները բացասաբար են անդրադառնում մեր թիմի վրա և վկայում են երկակի ստանդարտների կիրառման մասին»,-նշել են կատալոնական ակումբից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը սպասարկած ռումինացի գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը հենց այս կոպիտ սխալի պատճառով կարող է որակազրկվել ՈւԵՖԱ-ի կողմից և զրկվել եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում այլևս հանդիպումներ սպասարկելու իրավունքից։