Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Եվրամիությունից պահանջել է անհապաղ կասեցնել Հայաստանում Հիբրիդային արագ արձագանքման թիմի (HRRT) տեղակայումը և գործողությունները մինչև դրա նկատմամբ անկախ և թափանցիկ վերահսկողության ապահովումը։
ԵՄ պաշտոնյաներին, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում Ամստերդամը պահանջել է նաև հրապարակել արագ արձագանքման թիմի մանդատը, ինչպես նաև իրականացնել այդ թիմի գործունեության համար նախատեսված 27 մլն եվրոյի ֆինանսավորման ազդեցության անկախ գնահատում և մինչև դրա ավարտը դադարեցնել վճարումները։
Նամակում միջազգային փաստաբանը նշել է, որ Հայաստանում HRRT տեղակայումը դիտարկվում է որպես ուղղակի միջամտություն ներքին քաղաքական գործընթացներին, քանի որ այն ֆինանսավորվում է ԵՄ միջոցներով և գործում է բացառապես իշխանությունների հետ՝ ազդելով նախընտրական տեղեկատվական դաշտի և քաղաքական մրցակցության հավասարակշռության վրա։
«ԵՄ-ն Հայաստանում հանդես չի գալիս որպես ժողովրդավարության չեզոք երաշխավոր, այլ ակտիվ աջակցում է գործող իշխանություններին՝ ձևավորելով նրանց համար նպաստավոր ընտրական միջավայր»,- ընդգծել է Ամստերդամը։
Նամակում պահանջ կա նաև դատապարտել Ընտրական օրենսգրքի՝ ապրիլի 7-ին ընդունված փոփոխությունները, որոնցով արգելում են անձնանունների օգտագործումը ընտրական դաշինքների անվանումներում։ Նրա գնահատմամբ՝ այդ փոփոխությունը նպատակ ունի վերջնականապես խաթարել արդար ընտրությունների անցկացման հիմքերը։
«Սա ընթացակարգային բարեփոխում չէ, այլ օրենսդրական թակարդ է հատուկ նախագծված Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ: Միջազգային հանրությունը սա պետք է ճանաչի որպես քաղաքական սաբոտաժ և ազատ ու արդար ընտրությունների վերջնական քանդում»,- նշել է փաստաբանը։
Փաստաբանն անդրադարձել է Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին ևս՝ քննադատելով Եվրոպական միության կողմնակալ դիրքորոշումը։ Նրա պնդմամբ՝ ճնշումների դեպքում ԵՄ-ն պահպանում է լռություն կամ տեղի ունեցողը որակում որպես Հայաստանի «ներքին գործ», ինչը երկակի ստանդարտների դրսևորում է։
«Երբ խոսքը վերաբերում է ընտրական օրակարգը ձևավորելուն, ընտրություններից երեք ամիս առաջ «մոլդովական մոդելը» արտահանելուն, այդ դեպքում Հայաստանը դադարում է լինել ներքին գործ և դառնում է եվրոպական գործ։ Ընդդիմության քրեականացումը Հայաստանի խնդիրն է, իսկ ընդդիմությանը քրեականացնող կառավարության օգտին ընտրություններին միջամտելը՝ եվրոպական նախագիծ»,- շեշտել է փաստաբանը։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա ԵՄ-ն որոշել էր ՀՀ ուղարկել հիբրիդային արագ արձագանքման խումբ։
Կարդացեք նաև՝
