Տարկետում ստացած քաղաքացիները կարող են ազատվել զինվորական ծառայությունից աշխատելու դեպքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է վերանայել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգը՝ գիտության և կրթության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների համար։ Ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիները հնարավորություն են ունենալու տարկետում ստանալու նաև աշխատելու համար: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ո՞րն է անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ-ի կողմից 2026 թվականի մարտի 4-ին ընդունված օրենքով նախատեսվում է ներդնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և ծառայությունից ազատման նոր համակարգ։ Օրենքի կիրարկման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 և 2019 թվականի փետրվարի 15-ի N 89 որոշումներում, ինչպես նաև ընդունել տարկետման գործընթացը կարգավորող նոր որոշում։

Ընթացիկ իրավիճակը

ՀՀ օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգը՝ գիտության և կրթության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների համար։

Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվում է, որ տարկետում կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր ընդունվել են աշխարհի առաջատար բուհեր՝ ընդգրկված Academic Ranking of World Universities (Shanghai Ranking) ցուցակի լավագույն 50-ում։ Տարկետումը կտրամադրվի բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ ծրագրերով սովորելու համար։

Միաժամանակ, օրենքով սահմանվում է կարևոր պայման․ ուսումն ավարտելուց հետո քաղաքացին պարտավոր է առնվազն երեք տարի աշխատել Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության կողմից սահմանված ոլորտում։

Նշված փոփոխությունների ընդունմամբ անհրաժեշտ է վերանայել նաև ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը, քանի որ դրանում ամրագրված համապատասխան դրույթներն արդեն կարգավորվում են օրենքի մակարդակով։ Արդյունքում նախատեսվում է ընդունել նոր կարգավորումներ՝ տարկետման գործընթացը հստակեցնելու նպատակով։

ՀՀ օրենսդրական փոփոխությունների շրջանակում նախատեսվում է ներդնել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման նոր համակարգ, որի պայմաններն ու կարգը սահմանվում են ՀՀ կառավարության նոր որոշմամբ։

Նոր որոշմամբ հստակեցվում են տարկետման գործընթացին առնչվող հարաբերությունները և սահմանվում են երեք հիմնական հավելվածներ․

🔹 Հավելված 1
Կարգավորում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով քաղաքացիներին տարկետում տրամադրելու գործընթացը։
Հիմքում պահպանվել են գործող համակարգի ընթացակարգերը, որոնք կիրառվում են 2018 թվականից և էական փոփոխությունների չեն ենթարկվում։

🔹 Հավելված 2
Վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր տարկետում են ստացել ուսման նպատակով և ուսումն ավարտելուց հետո պարտավորվում են առնվազն երեք տարի աշխատել ՀՀ-ում։
Սահմանվում են՝

  • տարկետում տրամադրելու պայմաններն ու կարգը,
  • քաղաքացիների և պետական մարմինների գործողությունների շրջանակը,
  • տարկետման ընթացքում քաղաքացիների պարտավորությունները,
  • համապատասխան ոլորտներում կազմակերպությունների ընտրության և սահմանման մեխանիզմները։

🔹 Հավելված 3
Սահմանում է այն ոլորտների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել տարկետման իրավունքից։

Նոր կարգավորումների նպատակն է ապահովել կրթության և մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը՝ միաժամանակ հստակեցնելով տարկետման տրամադրման գործընթացը և պարտավորությունները։

Օրենսդրական վերջին փոփոխություններով ներդրվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր հիմք։

Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածը լրացվել է նոր 5.1-ին մասով, որի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք՝

  • ստացել են տարկետում՝ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով,
  • և ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատել են Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության կողմից սահմանված ոլորտում և կարգով։

Այս փոփոխությամբ ամրագրվում է, որ կրթական ծրագրով տարկետում ստացած և հետագայում Հայաստանում աշխատելու պարտավորությունը կատարած քաղաքացիները կարող են ամբողջությամբ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նշված կարգավորումների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ՝ սահմանելով ազատման գործընթացի հստակ կարգը։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունմամբ կապահովվի, օրենքով արդեն իսկ սահմանված, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և զինվորական ծառայությունից ազատվելու նոր համակարգի կիրարկումը, գործող տարկետման համակարգի կատարելագործումը, որի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինի արտասահմանի լավագույն բուհերում սովորող քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և սովորող մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն:

Մասնավորապես նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիները հնարավորություն են ունենալու տարկետում ստանալու նաև աշխատելու համար: Նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով աշխատելու պահանջը կատարելու դեպքում կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Համացանցում առկա բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, պետության կողմից աշխարհի առաջատար համալսարաններում մեկ մասնագետ պատրաստելը մեծ գումարներ են կազմում, մասնավորապես (ներառված չեն կեցության և այլ ծախսեր).

Մեկ մասնագետի վրա միջին ծախսերը՝ (բակալավրիատի 4 տարվա ընթացքում)

Երկիր

Համալսարաններ (օրինակներ)

Ընդհանուր ծախսեր (4 տարի)

Տարեկան ծախս

🇺🇸 ԱՄՆ

Harvard, MIT, Stanford

$250,000 – $350,000

$60,000 – $90,000

🇬🇧 Մեծ Բրիտանիա

Oxford, Cambridge

$180,000 – $240,000

$45,000 – $60,000

🇩🇪 Գերմանիա

TUM, Heidelberg

$35,000 – $60,000

$9,000 – $15,000

🇨🇭 Շվեյցարիա

ETH Zurich, EPFL

$60,000 – $80,000

$15,000 – $20,000

🇨🇳 Չինաստան

Tsinghua, Peking University

$25,000 – $50,000

$6,000 – $12,000

🇫🇷 Ֆրանսիա

Sorbonne, École Polytechnique

$30,000 – $50,000

$7,000 – $12,000

🇸🇪 Շվեդիա

KTH, Lund University

$35,000 – $60,000

$9,000 – $15,000

Առաջարկվող տարկետման նոր համակարգով հնարավորություն է ընձեռնվում առանձ պետության կողմից ֆինանսական լրացուցիչ ներդրումների գիտության, տնտեսության,  քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում ներգրավել մասնագետների:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից:

Leave a Comment