4 միավոր 100-ից
Հայտնվելով Ռուսաստանում՝ արդեն օդակայանում ես հասկանում, որ ինտերնետ չկա, քարտ գնելու համար պետք է գրանցվես: Այն, որ Դաշնությունում համացանցի ազատության մակարդակը ցածր է՝ շատերը գիտեն՝ Քլաուդվարդս մասնագիտացված կայքի կազմած վարկանիշով Ռուսաստանը հնարավոր 100-ից ընդամենը 4 միավոր է ստացել: Ավելի վատ վիճակ միայն 0 միավոր վաստակած Հյուսիսային Կորեայում:
Ցուցիչով Ռուսաստանին մոտ են Չինաստանը, Իրանը, Պակիստանը: Մինչդեռ, 2010-ականներին Ռուսաստանի ղեկավարը վրդովմունքով է խոսել ինտերնետը սահմանափակելու մասին:
«Նախ համարում եմ, որ ինտերնետը սահմանափակել անհնարին է: Դա բարդ է և տեխնոլոգիայի առումով և սխալ է քաղաքական տեսակետից: Եթե իշխանությանը կամ ինչ-որ մեկին դուր չի գալիս այն, ինչ կա ինտերնետում, կա դրան հակազդելու ընդամենը մեկ միջոց՝ նույն հարթակում տեղադրել ինտերնետում քննարկվող խնդիրների կարգավորման այլ տարբերակներ»,- ասել է Պուտինը:
Իմաստուն խոսքը 2011 թվականին է ասվել, մի քանի տարի անց տեղի է ունեցել Ղրիմի բռնակցումը, խոցվել է մալայզիական Բոինգը, վատթարացել են Արևմուտքի հետ հարաբերությունները, հետո էլ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, և Կրեմլում որոշել են «խստացնել ինտերնետային ռեժիմը»:
Փակված կայքեր և հավելվածներ
Վիճակն էլ ավելի է ծանրացել ամենավերջին շրջանում, հիմա Ռուսաստանում արգելված են Ֆեյսբուքը և Ինստագրամը, քանի որ մայր-ընկերությունը՝ Մետան, համարվում է էքստրեմիստական:
Չի գործում Իքսը (նախկին Թվիթերը), չկան Լինքդինը, Վայբերը, Յություբը: Սիրված մեսենջերներ Վոթսափի և Տելեգրամի փոխարեն ռուսներին առաջարկում են իրար հետ շփվել պետության կողմից վերահսկվող Մաքս հավելվածով:
Ազատական հայացքներ դավանող քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինի համոզմամբ՝ այս է պետության նպատակը:
«Կառավարությունը պարզապես ցանկանում է կտրել Ռուսաստանի քաղաքացիներին աշխարհի մնացած մասի հետ կապից՝ ստիպելով նրանց օգտագործել միայն Max Messenger-ը և այլն: Բայց ժողովուրդը դա չի ուզում, հասկանո՞ւմ եք: Նրանք դիմադրում են: Որովհետև եթե չունեք բջջային ինտերնետ, չեք կարող վճարումներ կատարել, տոմս պատվիրել, բժշկի մոտ գնալ, չեք կարող բողոք ներկայացնել տեղական իշխանությունների դեմ»,- ասել է Նադեժդինը:
Սպիտակ և սև ցուցակներ
Պետությունի կազմել է «սպիտակ ցուցակ», որում նշված են թույլատրված կայքերը և ծառայությունները: Ռուսաստանում պատմական ավանդույթի համաձայն, «սև» ցուցակները շատ ավելի ընդարձակ են, քան «սպիտակները»:
Մի քանի տասնյակ մարդ հավաքվել է նախագահի վարչակազմի շենքի մոտ, որտեղ կանգնած են նրանց ուշիուշով հետևող ոստիկաններ: Մարդիկ ուզում են բողոքներ ներկայացնել, պահանջում են թուլացնել սահմանափակումները: Ընդդիմադիր գործիչ Յուլիա Գալյամինա:
«Որքան մեծ է հանրային դժգոհությունն ինտերնետի, մասնավորապես՝ Telegram-ի արգելափակումից, միմյանց հետ շփվելու, քաղաքական դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից զրկվելուց, այնքան մեծ կլինի ազդեցությունը»,- ասել է Գալյամինան։
Այս տարեսկզբին վիճակն էլ ավելի սրվեց
Թվային ազատությունների կենտրոնի համահիմնադիր, ռուսաստանցի փաստաբան Սարգիս Դարբինյանը նշում է, թե երբ մեկնարկեց նոր խսստացումների արշավը:
«Տարեսկզբին Պուտինը վավերացրեց այս գործելակերպը, նա ստորագրեց օրենք, որը թույլ է տալիս անջատել կապի բոլոր միջոցները։ Այլ կերպ ասած, անվտանգության դաշնային ծառայությունը կարող է անջատել ամեն ինչ և թողնել միայն սպիտակ ցուցակները, որոնք դեռ գործում են»,- ասել է Դարբինյանը:
Իշխանության պնդմամբ, այս ամենի նպատակը մարդկանց պաշտպանությունն է, այդ է պնդում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ամեն ինչ համապատասխանում է օրենքին»
«Բոլոր գործողություններն իրականացվում են ընդունված օրենքների խիստ պահպանմամբ։ Եթե հարցնեք, թե որքան դրանք կտևեն՝ այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինեն լրացուցիչ միջոցառումներ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Կարծում եմ՝ քաղաքացիները կասկած չունեն, որ անվտանգության ապահովումը գերակա է»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ, անվանի քաղաքական գործիչ Ալեքսանդր Շոխինը հանրային ելույթում համեստորեն ակնարկել է, որ սահմանափակումները խնդիրներ են առաջացնում:
«Առանձին խնդիր է բջջային ինտերնետի սահմանափակումը, որը դժվարացրել է թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքացիների կյանքը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ այս խնդիրները կապված են երկրի անվտանգության և սպիտակ ցուցակում ընդգրկված կայքերի գործունեությունն ապահովելու անհրաժեշտության հետ, բայց հաշվի առնելով բջջային տեխնոլոգիաների մեր կյանքում ներթափանցման բարձր մակարդակը, մենք հույս ունենք, որ կգտնվի համակարգային, հավասարակշռված լուծում»,- ասել է Շոխինը:
AP-ն հիշատակում է Փաշինյան-Խուտին հանդիպումը
Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ տակավին վերջերս, Մոսկվայում Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում անդրադառնալով համացանցի խնդրին՝ գրեթե չքողարկված կշտամբանք է հնչեցրել:
«Մեր սոցիալական ցանցերը, օրինակ, 100 տոկոսով ազատ են։ Որևէ սահմանափակում չկա»,- նշել է Փաշինյանը։
Այն անհարմար պահը, երբ ավելի վատ է միայն Հյուսիսային Կորեայում: Իսկ ժամանակին ինչ հուսադրող պնդումներ են արվել՝
«Դուք հիշատակեցիք ինտերնետում շփման ազատության սահմանափակումը: Լսեք, ի՞նչ սահմանափակում, ինտերնետն իրապես ազատության տարածք է, այնտեղ հնարավոր չէ որևէ բան սահմանափակել և արգելել»,- 2013-ին հավատացրել է Պուտինը: