Քաղաքապետարանից արձագանքել են փակված ծննդատան աշխատակիցների՝ չտրված աշխատավարձերը վճարելու պահանջին

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների բողոքները՝ կապված աշխատավարձերի ուշացումների հետ։

Ըստ մամուլի՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործած ծննդատան լուծարումից շուրջ երկու տարի անց բժշկական անձնակազմը դեռ սպասում է աշխատավարձերին, քանի որ իրենց խոսքով՝ քաղաքային իշխանություններն աշխատողներին շուրջ կես տարվա գումար են պարտք։

Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն Armenia Today-ին հայտնեց, որ համայնքը ծննդատան անձնակազմի նկատմամբ որևէ չկատարված ֆինանսական պարտավորություն չունի, իսկ «խնդրի լուծումը դուրս է քաղաքապետարանի իրավական լիազորությունների և գործիքակազմի տիրույթից»։

Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ ծննդատունը 2020 թվականից գտնվել է «Դե Վի Սան» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարման ներքո։ Կառավարչի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով քաղաքապետարանը 2022 թվականին սկսել է իրավական գործընթաց, որի արդյունքում 2024 թվականի ապրիլի 29-ին հաստատությունն ամբողջությամբ վերադարձվել է համայնքային ենթակայությանը, պատմեց Կարապետյանը։

Հաստատության գործունեությունը հետագայում կասեցվել է Առողջապահության նախարարության կողմից՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով, ինչի հետևանքով անձնակազմն անցել է հարկադիր պարապուրդի։

Կարապետյանի պնդմամբ՝ քաղաքապետարանն արդեն վճարել է իր պատասխանատվության ներքո գտնվող բոլոր գումարները։

Նրա խոսքով՝ թվով 58 աշխատակից սեպտեմբեր ամսին ստացել է հուլիս-օգոստոս ամսվա հարկադիր պարապուրդի աշխատավարձը, իսկ հոկտեմբեր ամսին՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամսվա աշխատավարձը։ Միաժամանակ 2 աշխատակից ստացել է վերջնահաշվարկ։ Իսկ դեկտեմբերին ավելի քան 65 միլոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել է ծննդատանը՝ հարկադիր պարապուրդի և վերջնահաշվարկների գումարները փոխանցելու համար:

Աշխատավարձերի այն պարտքերը, որոնք կուտակվել են մինչև 2024 թվականի մայիսի 1-ը (շուրջ 6-11 ամիս), հանդիսանում են բացառապես նախկին հավատարմագրային կառավարչի («Դե Վի Սան» ՍՊԸ) պարտավորությունները, նշեց նա։ Կարապետյանը հավաստիացրեց, որ այս մասով առկա են դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումներ՝ ավելի քան 130 միլիոն դրամի չափով։

Վարչության ղեկավարի խոսքով՝ տվյալ գործերը ներկայումս գտնվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) տիրույթում, և Երևանի քաղաքապետարանն իրավասու չէ միջամտել կամ արագացնել պարտքերի բռնագանձման գործընթացը մասնավոր ընկերության միջոցներից։

Արաքսյա Սնխչյան

Leave a Comment