Գործադիրը որոշում է կայացրել լրացում կատարել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի որոշման մեջ: Սույնով կսահմանվի, որ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվող առաջին 60 ամիսների ընթացքում տվյալ պայմանագրով սահմանվող տարեկան վարձավճարի գումարը, ինչպես նաև այդ պայմանագրի կատարման հետևանքով ՊՈԱԿ-ի մոտ առաջացող՝ օրենսդրությամբ սահմանված հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող վճարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։ Առաջարկվող կարգավորումը չի վերացնում կառուցապատման իրավունքի դիմաց վճարի ինստիտուտը, այլ առաջին 60 ամիսների համար սահմանում է պետական աջակցության ժամանակավոր մեխանիզմ։ Նման մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը համարվում է չկնքված, եթե դրանում սահմանված չէ վճարի չափը։
Սույն որոշմամբ հիմք է ընդունվում այն մոտեցումը, համաձայն որի՝ ՊՈԱԿ-ը պայմանագրի կնքման օրվանից 5 տարվա համար հրաժարվում է ակնկալվող եկամուտից, այսինքն՝ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի կազմում 5 տարվա ընթացքում չի ներառվելու ՊՈԱԿ-ի հավելյալ շահույթը և հաշվարկման հիմքում պահպանվելու է միայն օրենքով պարտադիր նվազագույն շեմը, ինչպես նաև այդ շեմից բխող հարկային պարտավորությունները։
Ուստի առաջարկվող կարգավորման էությունը կայանում է նրանում, որ առաջին 60 ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում է ոչ թե ՊՈԱԿ-ի ակնկալվող շահույթը, այլ միայն օրենքով պարտադիր նվազագույն տարեկան վարձավճարը և այդ վճարից բխող հարկային պարտավորությունները։ Այս մոտեցումը մի կողմից ապահովում է կառուցապատման իրավունքի տրամադրման իրավաչափությունը և նվազագույն վճարի պահանջի պահպանումը, մյուս կողմից՝ թույլ է տալիս բացառել լրացուցիչ եկամտի բաղադրիչը և պետական աջակցության շրջանակը սահմանափակել միայն պարտադիր վճարային բեռով։ Սույն հաշվարկը ներկայացվում է որպես նախագծի ֆինանսական ազդեցության գնահատում և կարող է վերջնականապես ճշգրտվել պայմանագրի վերջնական բովանդակության և ՊՈԱԿ-ի հարկային կարգավիճակի հստակեցումից հետո։
Սպասվում է, որ որոշման ընդունումը կնպաստի Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծման ծրագրի անխափան իրականացմանը, մարզական և հանրային, մշակութային ենթակառուցվածքների ձևավորմանը, Հայաստան-Սփյուռք ծրագրերի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ բնահեն լուծումներով ծրագրի իրագործմանը։ Ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում նախատեսվում է շուրջ 1240 նոր աշխատատեղ և շուրջ 20,000 ծառի տնկում, ինչը կարող է ունենալ նաև լրացուցիչ սոցիալական, տնտեսական և բնապահպանական դրական ազդեցություն։
Ընդգծելով, որ նախագիծը շատ կարևոր է և իրականացվում է Սփյուռքի գործընկերների ներդրումներով՝ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում, ինչը կարևոր արձանագրում է և խոսում է Հայաստանի Կառավարության և Սփյուռքի միջև սերտ համագործակցության մասին:
Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև տարբեր հողերի նշանակության վերանայման հարցին, ընդգծել, որ տնտեսական զարգացման այս փուլում, չվնասելով որևէ էկոհամակարգ, անհրաժեշտ է նորից վերագնահատում իրականացնել, նոր քարտեզագրում և գոտիավորում անել տնտեսական զարգացման համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: