Ավելի քան 453 հազար զբոսաշրջիկ՝ 3 ամսում․ էկոնոմիկայի նախարարը նոր ցուցանիշներ է հրապարակել

2026 թվականին մեր երկիր է այցելել ավելի քան 453 հազար զբոսաշրջիկ։ Ցուցանիշը էկոնոմիկայի նախարարությունում ռեկորդային են համարում և արձանագրում՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել դիրքերը որպես տարածաշրջանում արագ զարգացող և  պահանջված զբոսաշրջային ուղղություն։

Ոլորտի պատասխանատուները վերջին տարիներին նկատվող կայուն աճը պայմանավորում են մի քանի գործոններով՝ անվտանգության համեմատաբար բարձր մակարդակ, ուղիղ ավիաչվերթերի ավելացում, զբոսաշրջային առաջարկների բազմազանեցում:

2026-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել ավելի քան 453 հազար զբոսաշրջիկ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ցուցանիշը Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային է որակում։

«18,2 %-ով կամ ավելի քան 70 հազար զբոսաշրջիկով ավելին է, քան նախորդ տարվա նույն ցուցանիշը»։

Ըստ վիճակագրության՝ 2025-ին Հայաստան է այցելել 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, 2,5 %-ով ավելի, քան 2024-ին։

Մասնագետները վիճակագրության փոփոխությունը տարբեր գործոններով են բացատրում։ Դրանցից առաջինը ճանապարհորդելու անվտանգության բարձր մակարդակն է․ Հայաստանը ներառվել է «World Travel Index»-ի ամենաապահով երկրների ցանկում՝ 193 երկրների մեջ 90,27 միավորով զբաղեցնելով 13-րդ տեղը ։

Մեր երկրի օդային տարածքի անտանգության մասին «Ռադիոլուր»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել էր նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը․

«Եթե հիմա նայեք քարտեզին, թե որտեղով են թռիչքները գնում, կտեսնեք, որ միակ ազատ տարածքը կամ անվտանգ տարածքը իրականում անցնում է ձեր երկրով»։

Չնայած վիճակագրության փոփոխությանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը կարծում է, որ Հայաստանը աշխարհին դեռ չի ներկայացել իր ողջ ներուժով։

«Շատ երկրներ, շատ զբոսաշրջիկներ չգիտեն Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին, և այս ուղղությամբ մենք նույնպես, ըստ ռազմավարության և ըստ կատարվող ծրագրերի պլանի, իրականացնելու ենք աշխատանքներ»։

Կոմիտեի նախագահն ընդգծում է՝ երկրում տուրիզմը զարգացնելու և օտարերկրացուն Հայաստանը ներկայացնելու հիմնական ուղղությունները պատմամշակութային և գաստրոտուրիզմն են։ Դրանք ներառում են նաև գինու և հայկական բրենդիի տուրիզմը։

«Շարքը շարունակում է արկածային զբոսաշրջությունը, որը շատ ակտիվ է զարգանում։ Ի միջի այլոց նշեմ, որ Իսպանիայի «Ֆիտուր» միջազգային ցուցահանդեսին մեզ հետ էր արկածային զբոսաշրջությունը ներկայացնող, մոտոտուրեր իրականացնող մի ընկերություն։ Հավատացեք՝ ամենաակտիվը հենց այդ ընկերության տաղավարն էր, որովհետև եվրոպացի զբոսաշրջիկները նախընտրում են հենց արկածային զբոսաշրջության ուղղությունները»։

Արկածային տուրիզմի համար լավագույն ուղղություն ընտրված Հայաստանը հիասքանչ երկիր է, որը մի փոքր է մեծ մեր սիրելի Սիցիլիայից, և  գտնվում է Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկում․ այս ձևակերպմամբ է հանրահայտ «Lonely Planet»-ը «փոքր» Հայաստանին ներառել «մեծ» ուղղությունների ցանկում։

Լուսինե Գևորգյանի խոսքով՝ տուրիզմի հիմնական ուղղություններից բացի Հայաստանն առաջին անգամ նախաձեռնել է բժշկական զբոսաշրջության համաժողով, որին ներկայացել են պետական ոլորտային գերատեսչություններ և մասնավոր ընկերություններ։

«Այս ուղղությամբ մենք այս տարի մեկ քայլ առաջ  կգնանք, արդեն հունվարին ՄԱԿ-ի զբոսաշրջության գլխավոր քարտուղար մադամ Շեխայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով»։

Համաժողովը հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ և տարեկան 100 հազարավոր զբոսաշրջիկների են ընդունում՝ նրանց տրամադրելով բժշկական տարբեր ծառայություններ։

Այս նախաձեռնությանը զուգահեռ՝ ոլորտի զարգացումը խթանելու և ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով ձեռնարկվում են նաև թվայնացմանն ուղղված քայլեր։

Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ կայք է գործարկել, որտեղ այսուհետև տեսանելի կլինի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ու մարդկանց աշխատանքի որակը։ Նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ սա զբոսաշրջիկների շահերից բխող, զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքները պաշտպանող, նրանց համար խաղի միասնական կանոններ սահմանող  նախաձեռնություն է։ Նա ներկայացրել է, թե ինչպե՞ս է աշխատելու այդ գործիքը և ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այն աշխատի։

«Կայքի միջոցով զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են և և իրենց գործունեության մասին հայտարարելու են։ Զբոսաշրջային գործունեություն ծավալելու իրավունք կունենան նրանք, որոնք դրա մասին կհայտնեն։ Լինելու է բացարձակապես թվային եղանակով, այսինքն` տեղի չի ունենում պետական մարմինների աշխատակիցների և զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչև այն պահը, երբ որոշ մարմիններ որոշ դեպքերում պետք է գնան ու հավաստեն, թե արդյո՞ք փաստաթղթերը ներկայացված ճիշտ են, թե ոչ»։

Նախորդիվ կառավարությունը սահմանել էր, թե ի՞նչ է, օրինակ, հյուրանոցը, ի՞նչ պետք է ունենա, ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի այն և այլն։ Այժմ նույն հյուրանոցները պետք է Զբոսաշրջության կոմիտեից հավաստագիր ստանան և նոր միայն ծավալեն իրենց գործունեությունը։ Բայց հավաստագիր ստանալը առաջին ու վերջին փուլը չէ․ դրան հաջորդելու են պարբերական ստուգումները և զբոսաշրջիկների հետ առնչվող կառույցները, ընկերություններն ու մարդիկ ապացուցելու են, որ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք ներկայացրել են հավաստագիր ստանալու համար։

Ըստ հեղինակների, այս գործընթացը նպատակ ունի ոչ միայն կարգավորել ոլորտը, այլև բարձրացնել վստահությունը Հայաստանի նկատմամբ որպես որակյալ և անվտանգ զբոսաշրջային ուղղության։

Leave a Comment