Որոնք ենք կեսարյան հատմամբ և բնական ճանապարհով ծնված երեխաների միջև հիմնական տարբերությունները

Ապրիլ ամիսը միջազգայնորեն հռչակված է որպես կեսարյան հատման իրազեկման ամիս (Cesarean Awareness Month), որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը վիրահատության ռիսկերի, ցուցումների և վերականգնման վերաբերյալ։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի»  կենտրոնից նշում են, որ այն շեշտում է բնական ծննդաբերության կարևորությունը և նպատակ ունի կանխել անհիմն վիրահատական միջամտությունները։

Կեսարյան հատման պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից, սակայն առաջին հաջողված դեպքերը, երբ և՛ մայրը, և՛ երեխան ողջ են մնացել, գրանցվել են շատ ավելի ուշ: Ըստ լեգենդի՝ անվանումը կապված է Հուլիոս Կեսարի հետ, սակայն պատմաբանները հերքում են նրա՝ այս եղանակով ծնվելու փաստը, քանի որ նրա մայրը՝ Աուրելիան, ողջ է եղել որդու չափահաս տարիքում: Այն ժամանակ վիրահատությունը կատարվում էր միայն մահացած կամ մահամերձ կանանց՝ երեխային փրկելու նպատակով, ինչը սահմանված էր «Կեսարյան օրենքով» (Lex Caesarea): Հունական դիցաբանության մեջ Ապոլոնն այս եղանակով է լույս աշխարհ բերել բժշկության աստված Ասկլեպիոսին:

Քանի որ երկար ժամանակ վիրահատությունը մահացու էր մոր համար (արյունահոսության և վարակների պատճառով), առաջին հաջողված դեպքերը համարվում են բացառիկ.

  1. Շվեյցարիա (մոտ 1500թ.). Գրավոր աղբյուրներում առաջին հաջողված դեպքը վերագրվում է Յակոբ Նուֆերին: Նա վիրահատել է իր կնոջը՝ Էլիզաբեթին, երբ 13 մանկաբարձներ չեն կարողացել օգնել: Կինը ողջ է մնացել և հետագայում ունեցել է ևս 5 երեխա բնական ճանապարհով:
  2. Չեխիա (1337 թ.). Վերջին հետազոտությունները նշում են, որ հնարավոր է՝ առաջին հաջողված վիրահատությունը կատարվել է Պրահայում՝ Բոհեմիայի թագավոր Յոհան Լյուքսեմբուրգցու արքունիքում:
  3. ԱՄՆ (1794թ.). Ջեսսի Բենեթը կատարել է ԱՄՆ-ում առաջին հաջողված կեսարյան հատումը սեփական կնոջ վրա՝ օգտագործելով խոհանոցային սեղանը որպես վիրահատական:

Վիրահատությունը դարձավ անվտանգ միայն 19-րդ դարի վերջին՝ անզգայացման և վարակի հսկողության պարզագույն միջոցների ներդրմամբ:

Կեսարյան հատումների (ԿՀ) ցուցանիշների աճը գլոբալ երևույթ է, որը դիտվում է գրեթե բոլոր տարածաշրջաններում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երեխան (21.1%) ծնվում է կեսարյան հատումով, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը այս թիվը կհասնի 29%-ի: Ամենաբարձր ցուցանիշներով առանձնանում են Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը` 42.8% միջին ցուցանիշով: Ամենացածր ցուցանիշները գրանցվում են Ենթասահարյան Աֆրիկայում՝ շուրջ 5%, ինչը վկայում է անհրաժեշտ բժշկական օգնության անհասանելիության և անհավասարության մասին: Արևելյան Ասիայում կանխատեսվում է, որ մինչև 2030 թ. ծնունդների մինչև 63%-ը կիրականացվի կեսարյան հատման ճանապարհով:

Որոշ երկրներում կեսարյան հատումների թիվն արդեն գերազանցում է բնական ծննդաբերությունների թիվը. Թուրքիա` 60.1%, Դոմինիկյան Հանրապետություն`58.1%,

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ կեսարյան հատումների օպտիմալ մակարդակը պետք է լինի 10-15% միջակայքում: Այս շեմից բարձր ցուցանիշները սովորաբար չեն հանգեցնում մայրական կամ մանկական մահացության հետագա նվազման, սակայն մեծացնում են վիրահատական բարդությունների ռիսկը:

Հայաստանի հարևան երկրներում ևս միտումները նմանատիպ են. Վրաստանում ցուցանիշը տատանվում է 40-45%-ի սահմաններում, ինչը ամենաբարձրերից մեկն է տարածաշրջանում:

Հայաստանում կեսարյան հատումների (ԿՀ) թիվը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն աճել է՝ 7.2%-ից (2000թ.) հասնելով 37.7%-ի (2024թ.): Առողջապահության նախարարության տվյալներով՝ սա նշանակում է, որ ՀՀ-ում գրեթե յուրաքանչյուր երրորդ երեխան ծնվում է վիրահատական ճանապարհով: Կեսարյան հատումների ցուցանիշն էականորեն բարձր է մայրաքաղաքում:

Ըստ հետազոտությունների, աճի վրա ազդում են հետևյալ գործոնները.

  • Բժշկական ցուցումներ՝ միայն մոտ 14%-ն է իրականացվում բացարձակ ցուցումներով (օրինակ՝ առաջադիր ընկերք, էկլամպսիա և այլն):
  • Ոչ բժշկական գործոններ՝ ծննդկանի ցանկությունը (վախ ցավից), նախկինում ունեցած կեսարյան հատումը և այլն:

Բժշկական տեսանկյունից կեսարյան հատմամբ (ԿՀ) և բնական ճանապարհով ծնված երեխաների միջև հիմնական տարբերությունները կապված են ադապտացիոն մեխանիզմների և միկրոֆլորայի հետ։ Հիմնականում տարբերություններն են`բնական ծննդաբերության ժամանակ, երբ երեխան անցնում է ծննդաբերական ուղիներով, նրա կրծքավանդակը սեղմվում է, ինչն օգնում է թոքերից դուրս մղել պտղաջրերը, իսկ ԿՀ դեպքում թոքերում կարող է որոշակի հեղուկ մնալ, ինչը երբեմն առաջացնում է «նորածնային տրանզիտոր տախիպնոե» (ժամանակավոր արագացված շնչառություն)։ Ամենաէական տարբերություններից մեկը իմունային համակարգի և միկրոբիոմի տարբերությունն է, ինչն ուսումնասիրվում է ժամանակակից գիտության կողմից. երեխան «վերցնում» է մոր օգտակար բակտերիաները ծննդաբերական ուղիներից, ինչը ձևավորում է նրա առաջնային իմունիտետը, մինչդեռ ԿՀ դեպքում երեխայի մաշկի և աղիքների առաջնային միկրոֆլորան հիմնականում ձևավորվում է շրջակա միջավայրի և մոր մաշկի բակտերիաներից։ Սա կարող է հանգեցնել ալերգիաների կամ ասթմայի փոքր-ինչ բարձր ռիսկի հետագա կյանքում։

Բնական ծննդաբերության ընթացքում երեխայի օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ «սթրեսի հորմոններ» (ադրենալին, նորադրենալին)։ Սա օգնում է երեխային արագ արթնանալ և հարմարվել արտաքին աշխարհին։ ԿՀ-ով ծնված երեխաները երբեմն ավելի «քնկոտ» են լինում առաջին ժամերին, քանի որ չեն անցել այդ «բնական սթրեսի» միջով։

Նաև հարկ է նշել, որ կեսարյան հատումից հետո կաթի արտազատումը կարող է մի փոքր ուշանալ (հորմոնալ գործընթացների առանձնահատկության պատճառով)։ Նաև վիրահատությունից հետո մոր ինքնազգացողությունը կարող է դժվարացնել անմիջապես «մաշկը մաշկին» շփումը, ինչը կարևոր է երեխայի հանգստության համար։

Ժամանակի ընթացքում այս տարբերությունները հարթվում են և ճիշտ խնամքի, կրծքով կերակրման և սիրո պարագայում ԿՀ-ով ծնված երեխաները զարգացմամբ ոչնչով չեն զիջում բնական ճանապարհով ծնվածներին։

Leave a Comment