ՀՀ ագրոպարենային ոլորտը վարկեր կստանա 0% տոկոսադրույքով. կառավարությունը հաստատել է աջակցության նոր ծրագիրը

Գործադիրը հինգշաբթի օրվա նիստում հաստատել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

ՀՀ ագրոպարենային ոլորտը վարկեր կստանա 0% տոկոսադրույքով. կառավարությունը հաստատել է աջակցության նոր ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․    Գործադիրը հինգշաբթի օրվա նիստում հաստատել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:


Որոշման ընդունումը պայմանավորված է ագրոպարենային ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ։


Ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին: Շահառուն ծրագրին մասնակցելու համար Ֆինանսական կառույց է ներկայացնում ծրագիր-տեղեկանք՝ վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։


Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է՝ 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Վարկի հետ կապված Ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն): Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ Ֆինանսական կառույցի կողմից:


Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի: Վարկի մայր գումարի և տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 6 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո):


Նախատեսվում է, որ 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար 2026 թվականին կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ: 


 

Leave a Comment