Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների 7 մասնակցի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է




ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:


 


Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ. Ղ.-ին աջակցելու:


 


Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա. Պ.-ի, Ա. Մ.-ի, Ա. Գ.-ի, Ա. Ե.-ի, Բ. Ա.-ի, Վ. Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա. Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):


 


Ա. Պ.-ի, Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ. Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ. Փ.-ի, Ա. Գ.-ի, Ա. Ե.-ի և Ա. Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում:


 


7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:


 


Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման ժամանակ ոստիկանական գործողությունների ընթացքում բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև: 


 


Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:


 


Վարդան Ղուկասյանը, Հենրիկ Գասպարյանը և ևս մի քանի անձ կալանավորվել էին:


Leave a Comment