Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը




Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը։


 


Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ հանուն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման։


 


«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կդառնա մեր պետությունների և ժողովուրդների գործընկերության և բարեկամության զարգացման համար»,- նշել է Հանրապետության նախագահը։


 


Դեսպան Բոկոնտաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացմանն ու համագործակցության հետագա ընդլայնմանը։


 


Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման և ընդլայնման ուղղություններով համագործակցության հնարավորություններին։


 


Կողմերը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայման։ Շեշտվել է նաև միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համադրված դիրքորոշումների ձևավորման և աջակցության ապահովման նպատակով։


 


Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կողմերը կարևորել են հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության, անվտանգության և երկարատև խաղաղության ապահովման կարևորությունը։


 


 


Leave a Comment