Թեհրանը չի սահմանափակի ուրանի հարստացումը, անկախ նրանից, թե որքան են դա պահանջում իր հակառակորդները, հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Թշնամիների հայտարարություններն ու ուրանի հարստացման ծրագիրը սահմանափակելու պահանջները պարզապես ցանկություններ են, որոնք կթաղվեն», – նրա խոսքերն է մեջբերում ISNA լրատվական գործակալությունը։
Էսլամին վստահեցրել է, որ Իրանի հակառակորդների կողմից երկրի միջուկային ծրագիրը սահմանափակելուն ուղղված բոլոր գործողությունները, այդ թվում՝ երկրի տարածքին հարվածները, որևէ արդյունք չեն տվել։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թեհրանի հետ հրադադարի համաձայնության ֆոնին, հայտարարեց, որ Իրանը չի զբաղվելու ուրանի հարստացմամբ։
«Ուրանի հարստացում չի լինի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։