Երևանի խցանումների խնդրի լուծման առումով հույս կա. ի՞նչ է առաջարկում Ավինյանը




 

sputnik. Քաղաքապետը տեղեկացրեց, որ նախատեսված 45 տրոլեյբուսների ներմուծումը մի փոքր ուշանում է` կապված Իրանի շուրջ ծավալված իրադարձություններով, սակայն մայիսի կեսերին դրանք կհասնեն մայրաքաղաք։


 


Երևանի խցանումների խնդրի լուծման համար քաղաքապետարանը նոր լուծումներ է գտել և կարծում են, որ, ի վերջո, կկարողանան, հարցը կարգավորել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


 


«Խցանումների հարցի լուծման առումով միանշանակ հույս կա։ Օրինակ` նոր կարգավորում ունենք, ըստ որի` այն օրինազանց վարորդները, որոնք ավտոմեքենաները կայանում են սխալ վայրերում, նրանց մեքենաների տարհանման համար քարշակ ծառայությունը կարտապատվիրակենք»,– տեղեկացրեց Ավինյանը։


 


Ըստ նրա`մայրաքաղաքի խցանումների հիմնական պատճառը մեքենաների քանակն է։ Քաղաքապետի տվյալներով` միայն Երևանում տարեկան 12 հազար մեքենա է գրանցվում և մտնում երթևեկություն, որոնց գումարվում են նաև մարզերից եկող գրեթե նույն քանակի մեքենաները։


 


Խցանումների մյուս պատճառը, ըստ Ավինյանի`վարորդների վարելու պրակտիկան է։


 


«Որքան էլ տարօրինակ չթվա` շատ խցանումներ առաջանում են, օրինակ` նրա համար, որ վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած վարորդը գնում ու կանգնում է խաչմերուկի մեջտեղում»,– ընդգծեց քաղաքապետը։


 


Նրա խոսքով` քաղաքային իշխանությունների տեսլականն այն է, որ մայրաքաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, որը պետք է ունենա առանձնացված գծեր և լինի ամենահարմարավետ միջոցը` քաղաքով տեղաշարժվելու համար։


 


Բացի այդ, Ավինյանը տեղեկացրեց, որ նախատեսված 45 տրոլեյբուսների ներմուծումը մի փոքր ուշանում է` կապված Իրանի շուրջ ծավալված իրադարձություններով, սակայն մայիսի կեսերին դրանք կհասնեն մայրաքաղաք։


 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ավելացրեց, որ մեքենաների ներմուծման վիճակագրությունը պետք է նայել, քանի որ այդ բոլոր մեքենաները գալիս ու մտնում են այդ նույն փողոցը և առաջացնում խցանում։


 


«Այստեղ աշխատանք պետք է անենք, այնպես չէ, որ մեր փողոցները «безразмер» են։ Աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այն լուծումներ կառաջարկի»,– նշեց նա։


 


Փաշինյանը խոսեց նաև Աջափնյակի մետրոյի կայարանի ստեղծման նախագծի մասին` ասելով, որ վերջին 30 տարում Հայաստանում մետրոյի ոչ մի նախագիծ չի ստեղծվել, և այն, որ այդ լայնամասշտաբ նախագիծն իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։


 


 


Leave a Comment