ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստից հետո հարցուպատասխանի ընթացքում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և երկկողմ կապերի ներկա վիճակի մասին։
Նա նշել է, որ ՌԴ նախագահի հետ փակ կամ կուլիսային հանդիպում չի եղել, այլ տեղի է ունեցել աշխատանքային ճաշ, որի ընթացքում քննարկումները անցել են բարեկամական մթնոլորտում՝ այցը գնահատելով հաջողված։
«Աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք, ինչպես միշտ, ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար: Ես այս այցը շատ հաջող եմ գնահատում»:
Վարչապետը նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքում չի ներկայացրել որևէ նոր կամ գաղտնի միտք՝ նշելով, որ իր ասածները նախկինում ևս հնչեցրել է տարբեր հարթակներում։
«Ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել: Առնվազն այն, ինչ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ՝ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով, լսել եք: Այսինքն՝ զրո նորություն»:
Նրա խոսքով՝ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա հանդիպումների վերաբերյալ, այդ թվում՝ բարձր մակարդակի քննարկումների մասին, որոնք նախատեսվում են նաև հունիսի երկրորդ կեսին։
«Տետ-ա-տետ հանդիպման մասին մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների և միջոցառումների մասին: Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին»:
Անդրադառնալով հարաբերությունների ընթացքին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում և այդ գործընթացը գնահատել է դրական։
«Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական: Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք՝ բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»:
Վերջում վարչապետը վերահաստատել է արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը՝ նշելով, որ Հայաստանը կշարունակի համատեղել տարբեր ուղղություններով տարվող քաղաքականությունները, մինչև դրանց անհամատեղելի դառնալը։
«Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք: Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ»: