Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի կառավարությանը՝ Լիբանանի ուղղությամբ շարունակվող հարվածների համար։
Նախարարի խոսքով՝ անթույլատրելի է, որ Լիբանանը վերածվի «քավության նոխազի» միայն այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը դժգոհ է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարից։ Բարոն ընդգծել է, որ Լիբանանի պետականության կործանումը ոչ միայն չի վերացնի «Հեզբոլլահ» խմբավորումը, այլև ընդհակառակը՝ կհանգեցնի դրա հզորացմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ Իրանը պետք է դադարեցնի Իսրայելին ահաբեկել «Հեզբոլլահի» միջոցով, որն էլ իր հերթին պետք է անհապաղ զինաթափվի։ Նա ներկայիս հրադադարը որակել է որպես «ժամանակավոր» և «չափազանց փխրուն»՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ իրավիճակն էլ ավելի սրող քայլերից։
Ի նշան համերաշխության՝ Ֆրանսիան միացել է այսօր Լիբանանում հայտարարված համազգային սգի օրվան։
