Կառավարությունը հաստատեց Մերձավոր Արևելքից վերադարձի համար նոր տոմսի արժեքի փոխհատուցումը

Կառավարությունը հաստատել է մինչև Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկող և նոր ավիատոմսեր ձեռք բեերող քաղաքացիներին 250 000 դրամ փոխհատուցում տրամադրելու որոշումը։ Այն ընդունվել է ապրիլի 9-ի կառավարության նիստում։

Ըստ նախագծի՝ 250 000 դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի գնման դեպքում փոխհատուցումը կտրամադրվի փաստացի վճարված գումարի չափով: Իսկ եթե ավիաընկերությունը տրամադրել է նշված գումարից պակաս փոխհատուցում, ապա փոխհատուցվում է 250 000 դրամի և ավիաընկերության փոխհատուցման տարբերությունը։

Որոշման գործողությունը տարածվելու է 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված տոմսերի և ուսումնառության նպատակով ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, Իսրայել մեկնած այն անձանց վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված նույն ժամանակահատվածում վերադարձել են Հայաստան։

Փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (е-request.am) միջոցով ՀՀ ԱԳՆ ներկայացնել փոխհատուցման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հաստատված հայտերը եռօրյա ժամկետում փոխանցվում են ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ հնգօրյա ժամկետում փոխանցվում քաղաքացու հաշվին։

Նշենք, որ մարտի 19-ին նախարարության ամփոփված տվյալներով՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ է հաստատել շուրջ 1080 քաղաքացի։ Վերջնական թիվը նախագծում նշված չէ։

Մարտի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 000 դրամ փոխհատուցում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով վերադարձի նոր տոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին։

Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Ռազմական գործողությունների մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։

Կարդացեք նաև՝

Միրզոյանը բացատրել է Մերձավոր Արևելքից քաղաքացիների տարհանման ընթացակարգը և մեկնաբանել տոմսերի բարձր գինը

Leave a Comment