«TUMO»-ի առաջին կրթական կենտրոնը՝ Ուրուգվայում — Հայաստանի Հանրային Ռադիո

«TUMO»-ի առաջին կրթական կենտրոնն Ուրուգվայում բացվել է Հանրապետության նախագահի՝ պրոֆեսոր Յամանդու Օրսիի և ազգային ու տեղական իշխանությունների մասնակցությամբ։ 

Կարասկոյի միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված այս ժամանակակից կենտրոնը մուտք է գործում Ուրուգվայ «Aeropuertos Uruguay» և «Corporación América Airports» ընկերությունների միջոցով և ռազմավարական համագործակցություն ունի «Ceibal» ընկերության հետ՝ ուրուգվայի երիտասարդների համար ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում անվճար արտադասարանական ուսուցման նորարարական ծրագիր առաջարկելու նպատակով։ 

««TUMO»-ում երիտասարդները կարող են բացահայտել, թե ինչն է իրենց իսկապես հետաքրքրում, քանի որ մենք գիտենք՝ երբ նրանց տալիս ենք անհրաժեշտ գործիքները, նրանք դառնում են անկասելի։ Շատ ոգևորված ենք բացել մեր դռները և տեսնել, թե որքան մեծ հետաքրքրություն է առաջացրել այս առաջարկը, ինչպես նաև՝ երիտասարդների և նրանց ընտանիքների խանդավառությունը»,- նշել է «TUMO» Ուրուգվայի գործադիր տնօրեն Կարոլինա Գուտիերեսը։ 

Շենքը, որտեղ գործելու է «TUMO» կենտրոնը, որի կառուցման համար «Corporación América Airports» ընկերությունը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար, ունի ավելի քան 2500 ք.մ. տարածք՝ ստեղծարարությունը, ուսուցումն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Այն ներառում է «TUMO» կենտրոնը, բազմաֆունկցիոնալ սրահ և գրասենյակային տարածքներ։ 

Ճարտարապետական նախագծում նախատեսված են բաց տարածքներ և մեծ կենտրոնական սանդուղք՝ որպես հանդիպման կետ, որը խրախուսում է ուսանողների միջև փոխգործակցությունը։ Կենտրոնը ներառում է ինքնուսուցման ընդարձակ սրահ, ռոբոտաշինության սենյակ, տարբեր աշխատասենյակներ, երաժշտական ստուդիա՝ կառավարման սենյակով, փորձերի սենյակ և ձայնագրման ստուդիա։ 

Կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով. 250 ժամանակակից համակարգիչներ, երաժշտական գործիքներ (կիթառ, թմբուկներ, դաշնամուր, բաս), արտադրական սարքավորումներ, թվային էկվալայզերներ, ձայնամեկուսիչ խցիկներ և այլ սարքավորումներ։ 

12-18 տարեկան դեռահասների համար նախատեսված «TUMO» կենտրոնն առաջարկում է ուսուցման այլընտրանքային փորձ՝ հիմնված ինքնուսուցման, գործնական աշխատարանների և մենթորների ու ոլորտի մասնագետների աջակցությամբ իրականացվող նախագծերի վրա։ 

«TUMO»-ում երիտասարդներն ինքնուրույն կառուցում են իրենց ուսուցման ուղին՝ համադրելով գործնական աշխատարաններն ու նախագծերը՝ մենթորների և փորձագետների ղեկավարությամբ։ Ուրուգվայում հասանելի ուղղություններն են՝ ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, երաժշտություն, կինո, գեներատիվ արհեստական բանականություն, տեսախաղերի մշակում և ծրագրավորում։ 

«Corporación América Airports» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանն ընդգծել է երիտասարդ տաղանդների զարգացմանը խթանող հաստատությունների ստեղծման կարևորությունը․ «Կրթությունը փոխակերպման և ներառման գործիք է, և հենց այդ պատճառով մենք հավատում ենք «TUMO»-ի նման նախաձեռնություններին և ցանկանում ենք աջակցել դրանց զարգացմանն Ուրուգվայում։ Որպես օդանավակայաններ շահագործող՝ մենք պարտավորվում ենք թևեր տալ այս բոլոր երիտասարդներին, որպեսզի նրանք կյանքի կոչեն իրենց գաղափարներն ու բացահայտեն իրենց հետաքրքրությունները»։ 

«Ceibal» ընկերության նախագահ Ֆիորելա Հայմը նշել է, որ իրենց ուղին սկսվել է տեխնոլոգիաների հասանելիության ժողովրդավարացումից և այժմ ընդլայնվել է դեպի ներկայի և ապագայի համար կարևոր հմտությունների զարգացում՝ նպաստելով հավասարությանն ու նոր սերունդներին պատրաստելով մշտապես փոփոխվող աշխարհին։ Նա հավելել է, որ «TUMO»-ի մուտքը լիովին համահունչ է այդ գործընթացին։ 

Կանելոնեսի նահանգապետ Ֆրանցիսկո Լեգնանին ընդգծել է, որ գերատեսչությունը տարիներ շարունակ իրականացնում է նորարարությանը միտված քաղաքականություն՝ այն դիտարկելով որպես իր զարգացման առանցքային հենասյուն, և որ «TUMO»-ն լիովին համահունչ է այդ տեսլականին։ «Երբ նախագիծը ներկայացվեց մեզ՝ Կանելոնեսի կառավարության ներգրավվածության համար, մենք անմիջապես դրական պատասխան տվեցինք, քանի որ այն ուղղված է երիտասարդներին մի փուլում, երբ նրանք մեծ ծավալի գիտելիք են յուրացնում, և այս դեպքում կունենան հնարավորություն սովորելու ութ առանցքային ուղղություններով, որոնք արտացոլում են աշխարհի զարգացման ուղին». նշել է նա։

«TUMO International» ընկերության տնօրեն Քրիս Շահինյանը նշել է․««TUMO»-ում պատանիները պարզապես հմտություններ չեն ձեռք բերում։ Նրանք սովորում են՝ ինչպես սովորել։ Նրանք ուսումնասիրում են տեխնոլոգիան և դիզայնը, փորձարկում են, սխալվում են, նորից փորձում և այդ գործընթացում բացահայտում են իրենց հնարավորությունները։ Այդ պատճառով այս կենտրոնը պարզապես շենք չէ․ դա Ուրուգվայի երիտասարդության հանդեպ հանձնառություն է»։ 

Կենտրոնը շուտով իր դռները կբացի շաբաթական առաջին 1000 ուսանողների առջև, ովքեր ապրիլից կսկսեն այս նոր ուսուցման փորձը։ Գրանցումն իրականացվելու է փուլային՝ բարձրորակ կրթություն և անհատական աջակցություն ապահովելու նպատակով։ Վերջին ամիսներին ստանալով ավելի քան 4500 դիմում՝ «TUMO» Ուրուգվայը նախատեսում է մինչև 2026 թվականը ընդլայնել իր կարողությունները՝ հասնելով շաբաթական 1500 ուսանողի։ 

Միջոցառման ընթացքում «Google» ընկերության հանրային քաղաքականության և պետական հարցերի մենեջեր Թամար Կոլոդենկոն (Հարավային Կոն) հայտարարեց, որ «Google»-ը հաջորդ երկու տարիներին կհամագործակցի «TUMO» Ուրուգվայի հետ՝ ապահովելու ուսանողների հասանելիությունը բարձրակարգ ուսուցման՝ հատկապես արհեստական բանականության ոլորտում։ 

«TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում և ներկայումս գործում է ավելի քան տասը երկրներում՝ Փարիզում, Բեռլինում, Լիսաբոնում, Լոս Անջելեսում և Բուենոս Այրեսում։ Ավելի քան 35,000 ակտիվ ուսանողներով և 80,000-ից ավելի շրջանավարտներով ծրագիրը դարձել է աշխարհում ամենանորարար կրթական մոդելներից մեկը։

Leave a Comment