Լիբանանը չի ներառվել Իրանի հետ համաձայնագրում, սա թյուրըմբռնում է. Վենս

Միացյալ Նահանգները Թեհրանին որևէ խոստում չի տվել Լիբանանի տարածքում Իսրայելի հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին, Բուդապեշտում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ (Ջ.Դ.) Վենսը:

«Կարծում եմ՝ սա թյուրըմբռնում է», — Վենսի խոսքերն է մեջբերել The Hill-ը: «Իրանցիները կարծում էին, որ հրադադարը ներառում է նաև Լիբանանը, բայց այդպես չէ: Մենք երբեք այդ խոստումը չենք տվել»:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Իսրայելը «առաջարկել է Լիբանանում որոշակի սահմանափակումների գնալ» Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջողությունն ապահովելու համար:

Վենսի հայտարարությունը հնչել է «Հեզբոլլահ» խմբավորման վրա Իսրայելի հարձակման մասին հաղորդագրություններից հետո: Հարվածները տեղի են ունեցել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի առաջին օրը, որը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այդ հարվածներին ի պատասխան՝ ըստ իրանական պետական ​​«Ֆարս» լրատվական գործակալության՝ Թեհրանը կրկին արգելափակել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մի քանի ժամվա ընթացքում ընդամենը երկու նավթատար է անցել նեղուցով, չնայած Իրանը մտադիր էր օրական տասը նավի անցում թույլատրել։

Նավթափոխադրման վերսկսումը Հորմուզի նեղուցով Թրամփի՝ Իրանին ուղղված գլխավոր պահանջն էր։ Մասնագետները նշում են, որ ԱՄՆ նախագահը դժվարին վիճակում է հայտնվել նավթի գների աճի պատճառով, այն բանից հետո, երբ Իրանը փակել է նեղուցը՝ ի պատասխան իր դեմ սկսված ռազմական գործողությունների։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի զանգվածային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 182 մարդ․ 900-ը վիրավորում է ստացել։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ մասնավորապես Բեյրութում հարվածել են խիտ բնակեցված բնակելի թաղամասերի։

Իսրայելի բանակի խոսնակը հաստատել է հարձակումը՝ նշելով, որ հարվածների թիրախում են եղել Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ավելի քան 100 հրամանատարական կենտրոններ և ռազմական բազաներ:

Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը Իրանը ներառել է հրադադարի պայմանների շարքում: Սակայն Միացյալ Նահանգները մինչ այս պահը պաշտոնապես չի հաստատել իր համաձայնությունը: Դոնալդ Թրամփը, հրադադարի մասին հայտարարելիս, Իրանի առաջարկները որակել է որպես «բանակցությունների համար գործնական հիմք», բայց չի նշել, որ Միացյալ Նահանգները համաձայն է դրանց բոլորի հետ։

Իրանըտեղեկացրել է, որ նպատակահարմար չի համարում հրադադարի երկարաձգումը: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագրի տասը կետերից երեքը խախտվել են 24 ժամից էլ պակաս ժամանակում: Բացի «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի հարվածներից, Թեհրանը որպես խախտումներ է նշել իր տարածքում անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը, ինչպես նաև իր հակառակորդների հայտարարությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Leave a Comment