Պատերազմի սրացում վաղ առավոտյան տեղի չունեցավ
Այսօր վաղ առավոտյան՝ Վաշինգտոնի ժամանակով կեսգիշերին, Երևանում ժամը 4-ին և Թեհրանի ժամանակով 3:30-ին Միացյալ Նահանգները պետք է իրագործեր Իրանին աներևակայելի հուժկու հարվածներ հասցնելու սպառնալիքը և, ինչպես Դոնալդ Թրամփն է որակել՝ հողին հավասարեցներ այդ երկրի Էլեկտրակայաններն ու կամուրջները:
Առավոտյան 3-ն անց կեսին, բարեբախտաբար, ռումբեր չպայթեցին, և ամբողջ աշխարհն ազատ շունչ քաշեց, որովհետև Վաշինգտոնն ու Թեհրանը հայտնեցին, որ երկշաբաթյա համաձայնության են հասել: Ընդ որում երկու կողմն էլ այն որպես սեփական մեծ նվաճում է հրամցնում:
Իրանի պետական հեռուստատեսությամբ հաղորդավարը նույնիսկ հայտարարել է, թե Ամերիկան, իբր, պարտվել է և ընդունել է Թեհրանի նախապայմանները:
Իրանում վերստին այրում են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները
«Հրատապ. Միացյալ Նահանգները պարտավորվել է հրաժարվել հակաիրանական բանաձևերից, վճարել փոխհատուցում, հեռանալ տարածաշրջանից և դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում։ Մինչև այս հաղթանակի մանրամասների վերջնական հստակեցումը, իշխանությունները կոչ են անում բոլորին շարունակել դիմադրությունը և պահպանել միասնությունն ու համերաշխությունը»,- ասել Է հաղորդավարը:
Իսրայելը նույնպես համաձայնել է հրադադար հաստատել: Թեհրանում հանրային միջոցառումներ են, իշխանություններին սատարող ցուցարարները վանկարկում եմ «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին», «Պայքար մինչև հաղթանա՛կ» և այրում են Ամերիկայի ու Իսրայելի դրոշները:
Թեհրանցի Ալի Ղարեգուզլուի համոզմամբ, ժողովուրդը կընդունի հրադադարը, պայմանով, որ այն կհաստատի առաջնորդը, հակառակ դեպքում հրադադարն անիմաստ Է:
«Ամերիկային չի կարելի վստահել, անվտանգության խորհուրդը պետք Է բանաձև ընդունի, հասցված վնասը պետք Է հատուցվի»,- ասել է Ղարեգուզլուն:
«Որոշել եմ միառժամանակ դադարեցնել ուժի գործադրումն Իրանի նկատմամբ»
Մինչդեռ, Թրամփն իր Truth Social սոցցանցում այլ տեսանկյունից է մեկնաբանել հրադադարի համաձայնությունը:
«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և զորավար Ասիմ Մունիրի հետ բանակցությունների արդյունքում ես որոշել եմ միառժամանակ դադարեցնել ուժի գործադրումն Իրանի նկատմամբ, Իրանն, իր հերթին, պարտավորվել Է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը, կողմերը նաև հրադադար են հաստատում»,- գրել է ԱՄՆ ղեկավարը:
Թրամփի փոխանցմամբ, Իրանից ստացվել Է 10-ը կետից կազմված առաջարկների փաթեթ, որն ընդունելի է քննարկումների համար: Հրադադարը հաստատվում է երկու շաբաթով, այդ ընթացքում Իրանը պարտավոր է կոնկրետացնել առաջարկները և բաց պահել Հորմուզի նեղուցը:
Ֆրանսիան, Վատիկանը, Ռուսաստանը և այլ երկրներ գովեստով են արտահայտվում համաձայնության մասին
Աշխարհը ողջունում է Թեհրանի և Վաշինգտոնի համաձայնությունը, որով պաստերազմի սրացումը եթե ոչ կանխվում, ապա գոնե հետաձգվում Է:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն. «Մենք այսօր Էլ կրկնում ենք այն, ինչ ասել ենք գրեթե 40 օր առաջ՝ հարկ Է բանակցել և գտնել այնպիսի լուծում, որը կայունություն կապահովի ամբողջ տարածաշրջանում, ուստի մենք ողջունում ենք հրադադարը»:
Հռոմի Լևոն 14-րդ պապ. «Վերջին մի քանի ժամերը Մերձավոր Արևելքում չափազանց լարված էին, ուստի մենք ողջունում ենք հրադադարի համաձայնագիրը և այն հույսի նշույլ ենք համարում»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով. «Ողջունում ենք ռազմական էսկալացիայի ճանապարհով չգնալու և Իրանի քաղաքացիական ու տնտեսական թիրախներին հարվածներ չհասցնելու որոշումը»:
Այժմ գործի են անցնում դիվանագետները, փորձագետները և բանակցություններին սատարող միջնորդները: