Սպասված նախագիծ, բիզնես միջավայրի բարելավում․ խորհրդարանական հանձնաժողովում պատրաստվում են հերթական նիստերին

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը։ Խոսքը մայր օրենքի մասին է, որը, կառավարության հիմնավորմամբ, փորձելու է ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր ձևավորել և դրանով նպաստել Հայաստանի միջազգային ներդրումային վարկանիշի, մրցունակության ու գրավչության բարձրացմանը։ Նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղի ներդրողների և ներդրումների վրա:

Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնց նպատակը ոսկեգործության և ադամնադագործության զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելն է:

Սպասված փոփոխություն գործարարների համար․ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այսպես է բնութագրում Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Նպատակը ոսկեգործության և ադամնադագործության զարգացման համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելն է։ Նախագծով վերանայվում են ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնները։ Պողոսյանի պարզաբանմամբ՝ այժմ ոսկու և թանկարժեք քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից, իսկ դրանցից պատրաստված իրերի օտարումը հարկվում է ԱԱՀ-ով։

«Ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին և թանկարժեք քարերը, ազատված լինելով ավելացված արժեքի հարկից, ի վերջո հարկվում են ավելացված արժեքի հարկով։ Ընդ որում՝ ոսկու և թանկարժեք քարերի արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդի արժեքի հիմնական մասը, քանի որ խոսքը բարձրարժեք հումքի մասին է»։

Հիմնական խնդիրն այն է, որ իրացման շրջանառության 115 մլն դրամի շեմը հատելու դեպքում գնին ավելանում է ԱԱՀ-ն՝ ոչ մրցունակ դարձնելով ապրանքը և անհավասար պայմաններ ստեղծելով շուկայի խաղացողների համար։

«Արտադրողների համար սահմանում ենք, որ ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի ոչ թե ոսկյա իրի արտադրանքի ամբողջ գնի հաշվով, այլ դրանից նվազեցնելով նշված երկու հումքերի արժեքը` ոսկու և թանկարժեք քարի արժեքը։ Նոր ավելացված արժեքը, որը աշխատանքն է ու շահույթը, ենթակա կլինի ավելացված արժեքի հարկով հարկման»։

Փոխնախարարը համոզված է, որ փոփոխությունները նպաստելու են ոլորտի զարգացմանը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կոնկրետ օրինակով է բացատրում առաջարկվող փոփոխությունները․

«Ոսկյա զարդը պատրաստելու համար ծախսվել է 100 հզր դրամ։ Գումարի մեջ մտնում են թե՛ ոսկին, թե՛ թանկարժեք քարերը։ Այդ ոսկյա զարդը վաճառվում է, ենթադրենք, 150 հզր դրամով։ Հիմա, այժմյան կարգավորումներով, 150 հզր դրամին մի հատ էլ պետք է 20 % ավելացված արժեքի հարկ գումարել և 150 հզր դրամը կդառնա 180 հզր։ 30 հզր դրամը ավելացված արժեքի հարկն է։ Հիմա, այդ կարգավորումով, մենք հումքի, ոսկու և զարդերի, քարերի արժեքը հանում ենք, այն 100 հզր դրամը հանում ենք և ավելացված արժեքի հարկը կիրառվում է 50 հզր դրամի նկատմամբ։ Հետևաբար, 30 հզր դրամն ավելացված արժեքի հարկի փոխարեն 10 հզր դրամ է լինում»։

Հարկման բազայի համար հիմք են ընդունվում ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթերում նշված գները՝ պարզաբանում է Պողոսյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆինանսների փոխնախարարից հետաքրքրվում է․ «Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում փաստացիորեն ունենք հարկային ռեժիմ գերփոքր բիզնեսի համար, որտեղ, ըստ էության, 0 % հարկ է աշխատում․ միկրոբիզնեսի մասին է խոսքը»։

2020 թ․ հուվարի 1-ից միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգ է գործում, որի շրջանակում միկրոբիզնեսի ներկայացուցիչները ձեռնարկատիրական հարկ չեն վճարում՝ հիշեցնում է փոխնախարարը։ Խոսքը շահութահարկի, ԱԱՀ–ի, շրջանառության հարկի մասին է։ Ավելին՝ որոշ դեպքերում նրանք ազատված են նաև հարկային գործակալի պարտավորությունների կատարումից։

«Այս հարկ վճարողների շրջանակը շատ տպավորիչ է։ Մեր ակտիվ հարկ վճարողներն այս պահի դրությամբ ամենաթարմ տեղեկությամբ` ավելի քան 36 %–ը, որը թվաքանակով շուրջ 54 հզր տնտեսավարող սուբյեկտներ են, հնարավորություն ունեն այս համակարգում գործելու առանց հարկեր վճարելու։ Կարևոր է, որ նրանց նկատմամբ կիրառվում է չափազանց մեղմ վարչարարություն՝ Պետական եկամուտների կոմիտեի գործընկերներն էլ կհավաստեն․ ըստ էության՝ միակ պահանջը, որ կա, իրացման շրջանառության իրական ծավալները հայտարարագրելն է»։

Հանձնաժողովի նիստում բիզնեսին աջակցող ևս մեկ նախագիծ քննարկվեց։ Կառավարությունը համոզված է, որ «Ներդրումների մասին» նոր օրենքի ընդունմամբ կձևավորվի հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը Հայաստանին հնարավորություն կտա բարձրացնելու միջազգային ներդրումային վարկանիշը, մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը։
Այսօր գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որն ընդունվել է 1994-ին։ Այն, կառավարության գնահատմամբ, չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք կարգավորում:

Leave a Comment