Բնակարանային գողություն Մրգաշատ գյուղում․ գողացել են ոսկեղեն և 10․000 դոլար

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Հայտնել էին, որ հարսանիքից վերադարձել են Մրգաշատ գյուղի իրենց տուն և տեսել, որ պատուհանից մուտք գործելու միջոցով գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց նույն գյուղի երկու այլ բնակիչներից։ Երկու դեպքում էլ, օգտվելով տանտերերի բացակայելու հանգամանքից, բացել էին եվրոպատուհանը և գողացել մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ ոսկեղեն։
Կասկածելիների շրջանակը նեղացավ, և Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտի։
Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին ու վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ ու նրա համագյուղացի ընկերուհին։
Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։
30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ձեռնարկվում են միջոցներ երեք դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment