Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։
ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների և ՆԳՆ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակիցների անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։