8 ապրիլի 2026 – 14:22 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում:
«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի, և խորապես համոզված ենք, որ բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու գործում պետք է գերակայի դիվանագիտությունը»,- նշել է Փաշինյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Իրանի առաջարկը և 2 շաբաթով դադարեցրել հարվածները, Թեհրանը համաձայնվել է բացել Հորմուզի նեղուցը։ Թրամփն ասել է, որ Իրանից «10 կետից բաղկացած առաջարկ» է ստացել, որը համարում է «բանակցությունների համար աշխատանքային հիմք»։ Թրամփի խոսքով՝ այս երկշաբաթյա ժամկետն անհրաժեշտ է վերջնական համաձայնության տեքստը համաձայնեցնելու համար։
Իրանը, իր հերթին, հաստատել է, որ պատրաստ է գնալ հրադադարի, սակայն միաժամանակ առաջադրել է մի շարք սեփական պայմաններ։ Իսրայելն աջակցություն է հայտնել հրադադարին՝ ընդգծելով, որ այն չի տարածվել Լիբանանի վրա։