
Սպիտակում շնամարտեր են կազմակերպվել։ «Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն է ահազանգել ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում երևում է, թե ինչպես են չորս կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Մի խումբ տղամարդիկ սպառնում են կանանց և հրում նրանց, որպեսզի վերջիններս չմիջամտեն։ Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք է։
ՀԿ ներկայացուցիչները հետևողական են եղել և դիմել են իրավապահ մարմիններին՝ ապօրինի գործողությունը կանխելու նպատակով։
«Կազմակերպիչները ձերբակալված են, 30 հոգի բերման է ենթարկվել։ Ոստիկանությունը ճանապարհը փակել էր, որպեսզի մեքենաները չկարողանան անցնել։ Մենք և՛ խուլիգանության, և՛ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածներով հաղորդում ենք ներկայացրել ու ցուցմունք տվել քննչականում։ Գործն արդեն ընթացքի մեջ է»,— ասում է Հովսեփյանը։
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում շնամարտ կազմակերպելու դեպքով բերման ենթարկված 3 անձ ձերբակալվել է։