Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է վեց մարդ։ Տարածքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ՝ տարածաշրջանային մակարդակով, որը կարող է բարձրացվել դաշնայինի։ Ավելի քան 6200 մարդ հայտնվել է ջրածածկման գոտում։
Իրավիճակը կտրուկ վատթարացել է Գեջուխի ջրամբարի պատնեշի վնասումից հետո․ ջրի տակ են անցել Մամեդկալա բնակավայրի տները, ինչպես նաև փակվել է «Կովկաս» մայրուղին։ Արտակարգ ծառայությունների ուժերով փրկվել է ավելի քան 200 մարդ։
Տուժածներին տրամադրվում է հասցեական օգնություն, իսկ պատնեշի խախտման հետևանքով զոհվածների ընտանիքներին նախատեսվում է վճարել փոխհատուցում։ Ջրհեղեղները պայմանավորված են ապրիլի 4-5-ը տարածաշրջանին հարվածած հզոր ցիկլոնով, որը նաև առաջացրել է նոր հեղեղումներ և էլեկտրամատակարարման խափանումներ։
