8 ապրիլի 2026 – 11:48 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները 2027-ի հունվարի 1-ից ընդգրկվելու են առողջության ապահովագրության համակարգում։ Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան:
Փոփոխությունները նախաձեռնվել են փետրվարին Երևանում տեղի ունեցած տաքսու վարորդների բողոքի ակցիայից հետո։ Նրանք պահանջել են բարելավել իրենց աշխատանքային պայմանները՝ դժգոհելով յուրաքանչյուր պատվերից գանձվող բարձր տոկոսադրույքներից։
Բացի այդ, նրանք պահանջել են իրենց գրանցել որպես աշխատող, քանի որ չեն կարողացել օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից, ինչպես նաև բանկերը չեն տրամադրել վարկեր։ Վարորդները կազմակերպել են նաև ստորագրահավաք, որին միացել է շուրջ 500 տաքսու վարորդ։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում 2027 թվականից, այլ ոչ թե 2028-ից, համակարգում ներառվելու են նաև մարտական գործողությունների մասնակիցները (բացառությամբ՝ կադրային զինծառայողների), որոնք ստանում են այսպես կոչված հաշմանդամության նպաստ։
Փոփոխություններով նախատեսվել է նաև համակարգին կամավոր միանալու հնարավորություն արդեն ապահովագրված քաղաքացիների ընտանիքների անդամների համար։ Բացի այդ, ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի համար վճարման վերջնաժամկետը սահմանվել է ոչ թե ապրիլի 20-ը, այլ հունիսի 20-ը։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործարկվել է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարեկանը լրացած մեծահասակները՝ առանց բացառությունների։ Այս խմբի համար 2026-ին գործելու է պետական 100 տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը կազմում է 129 600 դրամ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական վճարելու են 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող նրանց վճարների զգալի մասը ուղղվելու է ապահովագրական համակարգին։