Ի՞նչ անել, եթե պետական շտեմարաններում ձեր տվյալները սխալ են նշված. նոր կարգավորումներ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Տվյալների շտեմարանում ոչ ճիշտ տվյալների ուղղում կատարելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Ի՞նչ կարգավորումներ են նախատեսվում

Նախագծով սահմանվում է պետական տեղեկատվական համակարգերում պահվող անձնական տվյալների ուղղման, ջնջման և մշակման սահմանափակման հստակ ընթացակարգ։

Տվյալների սուբյեկտի իրավունքները

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի տնօրինողից (պետական կամ տեղական մարմնից) պահանջել.

  • Ուղղել իր մասին հավաքված ոչ ճիշտ տվյալները:
  • Լրացնել թերի անձնական տվյալները:
  • Ջնջել տվյալները, եթե դրանց մշակումը թույլատրված չէ օրենքով կամ խախտվել են մշակման սկզբունքները:
  • Սահմանափակել մշակումը, եթե տվյալների ճշգրտությունը վիճարկվում է:

Ինչպե՞ս է կատարվում հարցումը

Ոչ ճիշտ տվյալների ուղղման հարցումը կատարվում է տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով։ Տվյալ տնօրինողը պարտավոր է դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել իրականացված գործողությունների մասին։

Տվյալ տնօրինողի պարտականությունները

  • Ինքնուրույն ուղղում. Եթե մարմինը հայտնաբերում է անճշտություն, պարտավոր է ինքնուրույն նախաձեռնել ուղղումը և տեղեկացնել անձին:
  • Երրորդ կողմի իրազեկում. Տվյալները ուղղելուց կամ ջնջելուց հետո տնօրինողը պարտավոր է այդ մասին տեղեկացնել բոլոր այն մարմիններին, որոնց նախկինում փոխանցվել է այդ տվյալը:
  • Մերժման հիմքեր. Մարմինը կարող է մերժել ուղղումը կամ ջնջումը միայն հատուկ դեպքերում (ազգային անվտանգություն, հանցագործությունների կանխարգելում և այլն), բայց պարտավոր է տեղեկացնել անձին բողոքարկման իրավունքի մասին:

Փոփոխությունների հետագծելիությունը (Log-file)

Յուրաքանչյուր փոփոխություն պետք է գրանցվի անփոփոխելի էլեկտրոնային մատյանում, որտեղ կերևա.

  • փոփոխության ամսաթիվը և ժամը,
  • փոփոխությունը կատարողի նույնականացուցիչը (անձ կամ համակարգ),
  • տվյալի նախկին արժեքը և նոր (ուղղված) արժեքը,
  • ուղղման հիմքը (օրինակ՝ սուբյեկտի դիմում կամ տնօրինող մարմնի նախաձեռնություն):

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի զարգացման պայմաններում տվյալների ճշգրտությունը դարձել է առանցքային խնդիր։ Ներկայումս առկա է միասնական և հստակ կարգավորման բաց, ինչը հանգեցնում է տարբեր մարմիններում տարբեր պրակտիկայի ձևավորմանը։

Նախագիծը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի պահանջներից և ուղղված է անձնական տվյալների պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացմանը։

Կարգավորման նպատակը և բնույթը

  • Սահմանվում է հստակ և միասնական ընթացակարգ տվյալների ուղղման, ջնջման և սահմանափակման համար։
  • Ներդրվում են թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ։
  • Ամրագրվում են ինչպես սուբյեկտի իրավունքները, այնպես էլ մարմինների պարտականությունները։

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնում պետական բյուջեի համար։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  • Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
  • «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասից և նպատակ ունի ապահովել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի արդյունավետ կիրարկումը։ 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

  • ապահովել տվյալների սուբյեկտի իրավունքների արդյունավետ և ժամանակին իրականացման մեխանիզմ,
  • վերացնել տվյալ տնօրինող մարմինների գործունեության ոչ միատեսակ պրակտիկան՝ ուղղման ու ջնջման հարցումների կատարման գործընթացում,
  • ապահովել պետական տեղեկատվական համակարգերում պահվող տվյալների ճշգրտությունը,
  • կանխել կրկնվող կամ համակարգային բնույթի անճշտությունների առաջացումը,
  • ապահովել տվյալ տնօրինող մարմինների կողմից կատարված բոլոր փոփոխությունների թափանցիկությունն ու հետագծելիությունը՝ էլեկտրոնային մատյանների միջոցով:

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment